Ըստ բրիտանական Financial Times պարբերականի՝ առաջիկա նախագահական ընտրություններում իր թեկնածությունն առաջադրած Թուրքիայի ընդդիմադիր Հանրապետաժողովրդական կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն խոստացել է հաղթանակի դեպքում անհապաղ վերսկսել Եվրամիությանն անդամակցելու բանակցային գործընթացը։ Քըլըչդարօղլուն շեշտել է, որ Թուրքիան Ուկրաինայում ՌԴ ռազմական գործողությունները սխալ համարելով հանդերձ շարունակելու է տնտեսական հարաբերություններ պահպանել Ռուսաստանի հետ։
Ընդդիմության առաջնորդը հայտարարել է, որ իր նախագահի պաշտոնը ստանձնելու նպատակն է թույլ չտալ Թուրքիան վերածել ավտորիտար երկրի։ Նա հայտարարել է, որ երկիրը չի կարող եւս 5 տարի կորցնել Էրդողանի իշխանության տակ։ Թեկնածուն խոստացել է վերականգնել ժողովրդավարական ինստիտուտները եւ լրջորեն զբաղվել երկրի տնտեսական խնդիրներով։ Ըստ ընդդիմության միասնական թեկնածուի՝ Թուրքիայում դատարանների եւ լրատվամիջոցների անկախությունը, ինչպես նաեւ խոսքի ազատությունը պետք է վերականգնվի։
Քըլըչդարօղլուն չի բացառել խախտումներ մայիսի 14-ին անցկացվելիք խորհրդարանական եւ նախագահական ընտրություններում։ Նա խոստացել է թույլ չտալ գողանալ քվեները։ «Մենք չենք վստահում Էրդողանին եւ Բարձրագույն ընտրական հանձնաժողովին։ Դրա համար վերջին մեկ ու կես տարին աշխատել ենք բոլոր ընտրատեղամասերը խախտումներից պաշտպանելու համար»,- ընդգծել է Թուրքիայի ընդդիմության առաջնորդը։