Հնադավանների համաշխարհային միության նախագահ Լեոնիդ Սեւաստյանովը հայտնել է, որ Հռոմի պապ Ֆրանցիսկոսը Ուկրաինային եւ ՌԴ-ին կոչ է արել հրաժարվելու հարձակողական գործողություններից` հայտարարելով, որ պատրաստ է իր ներկայացուցիչներին ուղարկելու Մոսկվա եւ Կիեւ՝ բանակցություններ կազմակերպելու: Հռոմի պապի համոզմամբ՝ հակամարտող կողմերը պայմանավորվածության կարող են հասնել միայն բանակցությունների միջոցով, ոչ թե ռազմի դաշտում։ «Բանակցությունները երկու կողմերի համար էլ առաջընթացի կհանգեցնեն։ Նա պատրաստ է ցանկացած պահի Կիեւ եւ Մոսկվա ուղարկելու իր բանագնացներին, որոնք կօգնեն սկսելու բանակցային գործընթացը»,- հայտնել է Սեւաստյանովը։
Զելենսկին մտադիր է վերադարձնել Ղրիմը
Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինայի զինված ուժերը հակահարձակում են նախապատրաստում Ղրիմի վրա։ Նա համոզմունք է հայտնել, որ ուկրաինական բանակը հետ է մղելու ռուսական ուժերը եւ վերականգնելու է Ուկրաինայի հսկողությունը Ղրիմի թերակղզու վրա։ Միաժամանակ Զելենսկին ընդգծել է, որ դա անելու համար Արեւմուտքը պետք է զենքով ապահովի Կիեւին։ Նա նաեւ չի բացառել, որ հակամարտությունը կարող է տեւել մի քանի տարի կամ նույնիսկ տասնամյակներ։
Պայթյուններ Կիեւում եւ Ուկրաինայի այլ քաղաքներում
Կիեւում եւ Ուկրաինայի մի շարք այլ քաղաքներում ու շրջաններում, մասնավորապես Խերսոնում, Սումիի մարզում եւ Պավլոգրադում, Կիեւում, Կիեւի մարզում եւ Դնեպրում մայիսի 1-ին պայթյուններ են եղել, ամբողջ երկրում հայտարարվել է օդային տագնապ։ Մայիսի 1-ի գիշերը ռուսական հրետանին հարվածել է քաղաքի տրանսպորտային հանգույցին, զինամթերքի պահեստներին եւ ուկրաինացի զինվորականների գնացքների շարժակազմին։