Ըստ «Ալիք Մեդիա Վրաստան»-ի՝ Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության (Geostat) տվյալներով 2022-ին Վրաստանի բնակչության թիվն աճել է 47,8 հազարով (1,3 տոկոս) եւ հասել է 3 միլիոն 736 հազար 400-ի։ «Վրաստանի բարեփոխումների ասոցիացիան» (GRASS) եւ «Փաստ-մետր»-ը (FactCheck.ge) նշում են, որ Վրաստանում բնակչության աճը պայմանավորված է օտարերկրյա քաղաքացիների ժամանումով, որոնց մեծ մասը Ռուսաստանի քաղաքացիներ են։ «Բնակչության փոփոխությունը որոշվում է երկու հիմնական գործոնով՝ բնական աճ (ծնունդների եւ մահերի տարբերություն) եւ միգրացիոն հավասարակշռություն (ներգաղթողների եւ արտագաղթողների տարբերությունը): 2022-ին երկրում բնական աճի տեմպերը եղել են բացասական (-6 799), իսկ միգրացիոն մնացորդը՝ դրական, ինչը հանգեցրել է բնակչության աճի»,- նշված է վերլուծության մեջ:
2022-ի տվյալներով՝ երկիր մուտք գործողների թիվը 54,5 հազարով գերազանցում է երկրից դուրս եկածների թիվը։ Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումից հետո կտրուկ աճել են Ռուսաստանից, Ուկրաինայից եւ Բելառուսից Վրաստան ներգաղթի տեմպերը, ինչը բացատրում է միգրացիոն հաշվեկշռի դրականությունը։ 2022-ին Վրաստան է մուտք գործել Ռուսաստանի 62,3 հազար, Ուկրաինայի 20,7 հազար եւ Բելառուսի 13,3 հազար քաղաքացի։ Վրաստանի քաղաքացիների միգրացիոն հաշվեկշիռը բացասական է։ 2022-ին Վրաստանից 46,4 հազարով ավելի շատ քաղաքացի է լքել երկիրը, քան վերադարձել է, ինչը վատագույն ցուցանիշն է վերջին 10 տարվա ընթացքում: 2013-2022 թվականներին Վրաստանից ընդհանուր առմամբ 213,8 հազարով ավելի շատ քաղաքացի է մեկնել, քան վերադարձել է: