Թուրքիայի նախագահ Էրդողանը TRT Turk հեռուստաալիքի եթերում հայտարարել է, որ թուրքական հետախուզությունը Սիրիայում հատուկ գործողության ժամանակ ոչնչացրել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ենթադրյալ առաջնորդ Աբու Հուսեյն ալ Քուրաշիին։ Էրդողանը նաեւ նշել է, որ Թուրքիան կշարունակի հակազդել ահաբեկչական կազմակերպություններին՝ առանց նրանց միջեւ տարբերություն դնելու։ Միացյալ Նահագները դեռեւս չի հաստատել Էրդողանի պնդումը։
«Իսլամական պետության» նախկին առաջնորդին վերացրել էին մի քանի ամիս առաջ։ 2022-ի նոյեմբերի 30-ին Պենտագոնը եւ ԻՊ ահաբեկչական կազմակերպությունը հայտարարեցին Սիրիայի հարավում Սիրիական ազատ բանակի զինյալների գործողության ժամանակ Աբու Հասան ալ-Հաշիմի ալ-Քուրաշիի մահվան մասին։
Ջիհադական կազմակերպության բոլոր հաջորդ առաջնորդները կրում են Ալ-Քուրաշի («Մուհամեդ մարգարեի ցեղ») անունը: Ըստ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման՝ հենց Ալ-Քուրաշին պետք է ձեւավորի ինքնահռչակ «խալիֆությունը»։