Սույն հոդվածում ամփոփ կներկայացվեն հայաստանյան մամուլում լուսաբանվող էկոլոգիական հիմնախնդիրների թեմատիկ շրջանակի, հոդվածների վերլուծական խորության եւ բովանդակային առանձնահատկությունների վերաբերյալ ամփոփ տվյալներ։ Հոդվածում ներկայացվող տվյալների հիմքում ընկած են Հայաստանի մամուլի, այդ թվում մարզային լրատվամիջոցների ուսումնասիրության, ինչպես նաեւ բնապահպանական խնդիրներն առավել ակտիվորեն լուսաբանող լրագրողների հետ հարցազրույցների արդյունքները։
Անշուշտ, բնապահպանական թեմայով մամուլի հրապարակումների ամենամեծ մասը վերաբերում է հանքարդյունաբերությանը, դրա շուրջ հանրային նշանակալի իրադարձություններին եւ անպատասխանատու կերպով իրականացվող գործունեության բնապահպանական հետեւանքներին։ Դրանցից են հանքարդյունաբերական թափոններով շրջակա միջավայրի աղտոտումը, հանրային առողջության եւ ազդակիր համայնքների գյուղատնտեսական գործունեության համար ստեղծվող խնդիրները եւ այլն։
Որպես Հայաստանում ամենամեծ բնապահպանական մտահոգություններն առաջացնող հիմնախնդիր՝ այս ոլորտը մատնանշեցին հարցազրույցի հրավիրված անխտիր բոլոր լրագրողները։ Ընդ որում, հանքարդյունաբերության խնդիրը լուսաբանվում է մի քանի մակարդակներում․ բնապահպանությունից զատ ներկայացվում են ոլորտի իրական շահառուների, հանքարդյունաբերական ընկերությունների օֆշորային ծագման, դրանցում ներգրավված պաշտոնատար անձանց վերաբերող հարցեր։
Բնապահպանության ոլորտի թեմատիկ շրջանակի առումով որպես էական հիմնախնդիր է նշվել նաեւ Սեւանա լճի անբարեխիղճ օգտագործման, Արարատյան արտեզյան ավազանի գերշահագործման, փոքր գետերի վրա կառուցված հիդրոէլեկտրակայանների շահագործման հետեւանքով առաջացող բնապահպանական եւ սոցիալական հարցերը։ Որոշ լրագրողներ որպես մամուլի ուշադրությանն արժանացող բնապահպանական հիմնահարցեր մատնանշեցին նաեւ պլաստիկ տոպրակների եւ առհասարակ աղբահանության, վայրի կենդանիների եւ արագիլների պաշտպանության վերաբերյալ անդրադարձները։
Հատկանշական է, որ մամուլում բավականին քիչ են կլիմայական հարցերի վերաբերյալ նյութերը։ Չնայած նրան, որ Հայաստանը կլիմայի փոփոխության նկատմամբ առավել խոցելի երկիր է, որտեղ կլիմայական խնդիրներն արդեն շատ հստակ ազդեցություն ունեն ոռոգման հարցերի, ջրային ռեսուրսների կառավարման, բնական աղետների ինտենսիվացման, մարդկանց առողջական վիճակի վրա, կլիման ոչ միայն քիչ, այլեւ չափազանց մակերեսային է լուսաբանվում, չկան խորքային նյութեր։ Կան որոշակի հեռուստատեսային նյութեր, բայց դրանք մշտական չեն։ Մարզային լրատվամիջոցներում առհասարակ շատ քիչ են ինչպես կլիմայական, այնպես էլ բնապահպանական հարցերով լուսաբանումները։ Եղած նյութերը իրավիճակային են՝ տաք հետքերով, եւ ավելի շատ սոցիալական բնույթ ունեն, քան բուն բնապահպանական։
Բնապահպանության վերաբերյալ մամուլի հրապարակումների բովանդակային առանձնահատկությունների առումով եւս ուրվագծվում են հատկանշական առանձնահատկություններ։ Ինչպես հանքարդյունաբերության, այնպես էլ այլ ոլորտների լուսաբանման ընթացքում մամուլի ուշադրության կենտրոնում են հայտնվում մեծ մասամբ այնպիսի խնդիրներ, որոնց շուրջ աղմուկ է բարձրանում։ Դրանք կարող են լինել փոքր ՀԷԿ-երի, հանքարդյունաբերական նախագծերի, ցեմենտ, բիտում կամ համանման արտադրություն հիմնելու դեմ ուղղված հանրային դրսեւորումներ։
Մշտապես լուսաբանվող հարցերից է տարբեր ազդակիր համայնքներում հանրային քննարկումներին ուղեկցող լարվածությունը։ Հատկապես վերջին շրջանում շատ լայն տարածում ունեցող իրողություն է համայնքների բնակիչների կողմից հանրային քննարկումների տապալումը, որը տեղի բնակչության կողմից հաճախ ընկալվում է որպես հանքարդյունաբերական նախագծի վերաբերյալ իրենց վերաբերմունքն արտահայտելու միակ հասանելի միջոց։ Նշված պրակտիկայի այսօրինակ լայն տարածման պատճառը թերեւս այն է, որ համայնքի բնակիչների կարծիքը կամ դիրքորոշումը չունի վճռորոշ նշանակություն հանքարդյունաբերական ծրագրերի պաշտոնական հաստատման տեսանկյունից, ուստի հանրային քննրկումների խափանումը միակ հասանելի միջոցն է իրենց կարծիքն արտահայտելու համար։
Որպես կանոն,բողոքի դրսեւորումներն առաջացնում են հանրային լայն արձագանք հասարակական եւ իրավապաշտպանական շրջանակներում, ինչն իր հերթին նույնպես գրավում է բազմաթիվ լրատվամիջոցների։ Լուսաբանման հիմքում հաճախ ընկած են տարբեր հասարակական կազմակերպությունների կողմից կազմակերպվող միջոցառումները, նրանց կողմից հրապարակվող հայտարարությունները եւ կարծիքները։ Որոշ լրագրողներ նշեցին նաեւ բնապահպանական հարցերի վերաբերյալ պաշտոնական լրահոսը, որոնք մամուլում առավել շատ են հրապարակվում։
Այսպիսով՝ շատ քիչ լրատվամիջոցներ են անդրադառնում բնապահպանական խնդիրների բովանդակային հարցերին՝ բավարարվելով միայն բողոքի ակցիան լուսաբանելով։ Բնապահպանական հարցեր լուսաբանող լրագրողները մատնանշեցին այս առանձնահատկությունը՝ այն դիտարկելով որպես մամուլին բնորոշ բացասական երեւույթ, քանի որ վեր է հանում բնապահպանական ոլորտում հետաքրքրությունների մակերեսային բնույթը։
Անշուշտ, դա պայմանավորված է նաեւ հանրային պահանջարկով․ ինքնին սկանդալային տեսանյութերի շուրջ հետաքրքրությունը սովորաբար ավելի մեծ է, քան հանրային լարվածություն առաջացրած բնապահպանական հիմնախնդրի բովանդակությունը։ Առավել շատ դիտումներ ապահովելու համար լրատվամիջոցները լուսաբանման կենտրոնում պահում են գերազանցապես իրարանցում եւ բախումներ նկարագրող տեսանյութերը, այս կամ այն ընկերության՝ այս կամ այն պաշտոնյայի հետ փոխկապակցվածությունը։ Հրապարակվող տեսանյութում շատ քիչ տեղ է մնում խնդրի բովանդակության, դրա դետալների համար, եւ որպես կանոն անդրադարձը դրանց լինում է բավականին հպանցիկ եւ մակերեսային։
Այսինքն՝ անգամ թեմատիկ առումով համեմատաբար առավել շատ լուսաբանվող բնապահպահական հարցերը բովանդակային առումով ներկայացվում են գերազանցապես իրավիճակային լուսաբանման եղանակով։ Շատ քիչ լրատվամիջոցներ կան, որոնց հրապարակումներում էական մաս են կազմում խորքային եւ բուն բնապահպանական հարցերը։
Հարկ է նշել, որ մամուլում երբեմն հրապարակվում են բավականին ամբողջական հետաքննական նյութեր, ինչպիսիք են՝ Թեղուտի հանքավայրի եւ պոչամբարի բնապահպանական ռիսկերի եւ այդպիսի խնդրահարույց ծրագրի միջազգային ֆինանսավորման («Սիվիլնեթ»), ձկնաբուծության զարգացման համար Արարատյան արտեզյան ավազանի գերշահագործման («Հետք»), անազատության մեջ գտնվող կենդանիների ապրելու պայմանների («Էկոնյուզ»), հանքարդյունաբերական ծրագրերի դեմ դատական հայցերի («EVN Report») եւ այլ համանման հարցերի վերաբերյալ։ Բավականին հաջողված հետազոտական նյութեր ունեն «Ինֆոքոմ», «Ֆակտոր ԹիՎի», «Ալիք Մեդիա», «Ազատություն» լրատվամիջոցները։
Բնապահպանական խնդիրներին բովանդակային առումով եւ հետեւողականորեն անդրադարձող հիմնական լրատվամիջոցը թերեւս «Էկոլուր» բնապահպանական լրատվական կայքն է, որն ունի ինչպես թեմատիկ շրջանակ, այնպես էլ հագեցած ֆիլմադարան։
Այնուհանդերձ, հայկական մեդիայի լրահոսում վերլուծական նյութերի առկայությունը դեռեւս չի փաստում տվյալ լրատվամիջոցի հետաքրքրությունների շրջանակում բնապահպանական հիմնահարցերի կայուն ներկայացվածությունը, քանի որ հաճախ դա պայմանավորված է կոնկրետ լրագրողների աշխատանքով, որոնք հաճախ են տեղափոխվում մի լրատվամիջոցից մյուսը։ Հաճախ վերլուծական կամ հետաքննական հոդվածների հեղինակները անհատ փորձագետներ են, որոնք պարզապես իրենց աշխատանքը հրապարակում են որեւէ լրատվական հարթակի միջոցով։ Քիչ չեն դեպքերը, երբ բնապահպանական հիմնախնդիրների վերաբերյալ հետազոտական նյութերը պատրաստվում են միջազգային ծրագրերի միջոցով, ինչը եւս հատվածական է եւ ժամանակավոր՝ ելնելով միջազգային ծրագրի բյուջեից եւ տեւողությունից։
Հայաստանյան մեդիայում բնապահպանական խնդիրները լուսաբանելու ամենանկատելի խոչընդոտներից է լրագրողների նեղ մասնագիտական տեղեկատվության պակասը։ Լրագրողներից շատերը նշեցին, որ վերլուծական նյութեր պատրաստելիս հաճախ անհրաժեշտ է լինում երկար քննարկումներ եւ խորհրդատվություն անցկացնել ոլորտի մասնագետների հետ, որպեսզի լուսաբանվող նյութը լինի հիմնավորված եւ չարժանանա քննադատության։
Լրագրողներից ոմանք անգամ խնդրում են, որպեսզի զգայուն հարցերը հրապարակվեն հենց այդ մասնագետների անունից՝ որպես մեջբերում։ Վերջին շրջանում քիչ չեն դեպքերը, երբ որեւէ հրապարակման համար լրատվամիջոցների դեմ դատական հայցեր են ներկայացվում։ Դա ոչ միայն բարդացնում է լրատվամիջոցների աշխատանքը, այլեւ նրանց ստիպում է շատ ավելի զգուշավոր լինել վիճելի հիմնախնդիրները լուսաբանելիս։
Ամփոփելով կարելի է ասել, որ բնապահպանական խնդիրների լուսաբանման հարցում հայաստանյան մամուլում դիտարկվող առանցքային բացերից է էկոլոգիական կրթություն եւ մասնագիտացում ունեցող լրագրողների բացակայությունը։ Սա, թերեւս, չափազանց էական ազդեցություն ունի բնապահպանական համատեքստ ունեցող իրադարձությունները նկարագրող հրապարակումների բովանդակության առումով, քանի որ լրագրողները մեծ մասամբ նախընտրում են ներկայացնել իրենց համար տեսանելի կամ մասնագիտական գիտելիքներ չպահանջող բաղադրիչները։
Լրատվական դաշտում բնապահպանական եւ հատկապես կլիմայական հարցերը խորքային-վերլուծական մակարդակում ներկայացնելու համար հայկական մամուլին խոչընդոտում է ոչ միայն այդ հարցերում մասնագիտացված լրագրողների պակասը, այլեւ հնարավորինս մեծաքանակ դիտումներ ապահովելու մոլուցքը։ Ընդունված է համարել, որ երկար, մասնագիտական տեսանյութերն ու տեքստերը մարդիկ չեն ընթերցում եւ չեն դիտում, ուստի դրանք խրախուսելի չեն։ Հարկ է նշել սակայն, որ կարճ նյութրը հաճախ կարող են չարտացոլել ամփոփ միտք, որը չափազանց կարեւոր է նյութի ամբողջականությունն ապահովելու համար։ Իր հերթին՝ խորքային, մասնագիտական նյութերը երբեմն պահանջում են քիչ ավելի բարդ խոսքի կառուցվածք, որոշակի տերմինաբանություն եւ այլ առանձնահատկություններ, որոնք կարեւոր են նյութի ճշգրտության եւ պրոֆեսիոնալիզմի տեսանկյունից։ Ի վերջո, օտարերկրյա հեղինակավոր մամուլում, անգամ սոցիալական ցանցերում կան բազմաթիվ նեղ մասնագիտական նյութեր, որոնք ունեն իրենց ընթերցողն ու դիտողը, այդ թվում Հայաստանում։
Կարծում եմ, որ հայաստանյան մամուլի ներկայացուցիչները եւս վերջապես պետք է սկսեն վարել որոշակի մասնագիտական շարքեր՝ լինի բնապահպանության, թե մեկ այլ գիտական-մասնագիտական թեմայով։ Գուցե սկզբնական շրջանում դրանք չունենան լայն «սպառում», սակայն դրա բացակայությունն ինքնին ցուցիչ է պարզունակ, զարգացման միտումներ չցուցաբերող լրատվական դաշտի, ինչը հայկական մամուլի խիստ բացասական դրսեւորումներից է։
Դժվար է միանշանակորեն պնդել, թե ինչ քայլեր պետք է ձեռնարկվեն թվարկված խնդիրները լուծելու ուղղությամբ, ովքեր եւ ինչ միջոցներով կարող են դա անել, սակայն միանշանակ է, որ այն մակարդակը, որն ապահովում է լրատվական դաշտը առնվազն բնապահպանական հարցերը լուսաբանելիս, որեւէ կերպ չի կարող բավարար համարվել։ Առավել եւս, երբ մենք մոտենում ենք կլիմայական տեկտոնիկ շարժումների ժամանակագրական էպիկենտրոնին, եւ այս հարցում կլիմայի հարցերով զբաղվող գիտնականների, միջազգային կոմպետենտ ինստիտուտների շրջանում տարակարծություններ չկան։ Փոխարենը կա հանրության եւ քաղաքական համակարգերի խայտառակ անպատրաստ մակարդակ անխուսափելի հետեւանքներին դիմակայելու համար։
Արթուր Գրիգորյան
Էկոլոգիական իրավունքի մասնագետ
***
Հոդվածաշարը ստեղծվել է «Եվրոպական մեդիահարթակ Հայաստանում. հուսալի եւ պրոֆեսիոնալ լրատվամիջոցների կառուցում» ծրագրի շրջանակում, որն իրականացվում է Դոյչե Վելլե Ակադեմիայի կողմից, «ԲիԲիՍի Մեդիա Էքշըն»-ի, «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան»-ի, «Հետք/Հետաքննող լրագրողներ» ՀԿ-ի եւ «Ֆակտոր Թիվի»-ի հետ համատեղ ՝ Եվրոպական միության եւ Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսական համագործակցության եւ զարգացման (BMZ) նախարարության ֆինանսավորմամբ։