Անցած հոկտեմբերին՝ Սոչիում կայացած Պուտին-Փաշինյան-Ալիեւ հանդիպման նախօրեին, Ստեփանակերտում բազմամարդ հանրահավաք կազմակերպվեց։ Նպատակը, ինչպես ասացին, երկուսն էր՝ աշխարհին ցույց տալ, որ Արցախում ոչ թե 27 հազար, ինչպես Իլհամ Ալիեւն է ներկայացնում, այլ 120 հազար հայ է ապրում, եւ նրանք պաշտպանում են ԼՂ կարգավորման Ռուսաստանի մոտեցումը՝ կարգավիճակի խնդիրը թողնել ապագա սերունդներին։
Ի՞նչ հաջորդեց։ Ռուսաստանի պետական հեռուստատեսությունը տարածեց Պուտին-Ալիեւ հանդիպման «մուտքի» կադրերը։ Ադրբեջանի նախագահն ի սկզբանե սահմանեց, որ «Լեռնային Ղարաբաղի հարց չկա», այս մասին խոսել չարժե։ Եվ Պուտինը չառարկեց։
Մի քանի օր անց Նիկոլ Փաշինյանը «բացահայտեց», որ Սոչիի բանակցություններում բարձրացրել է Լեռնային Ղարաբաղի շուրջ «ապառազմականացման» հարցը։ Նոյեմբերի կեսերին ՀՅԴ Արցախի ԿԿ «Ապառաժ» պաշտոնաթերթը հրապարակեց Անվտանգության խորհրդի քարտուղարին իր հարցը, թե Փաշինյանի ասածն արդյոք չի՞ վերաբերում Պաշտպանության բանակի կազմալուծմանը։ Պատասխանը եղավ՝ «ՊԲ-ն ոչ միայն չի զինաթափվի, այլեւ կա այն «մարտական խնդիրներ լուծելու ունակ զորամիավորում դարձնելու ծրագիր»։
Պաշտոնական Ստեփանակերտն այդ կերպ մերժեց Լեռնային Ղարաբաղում ապառազմականացման գաղափարը։ Ոչ մի երաշխիք, իհարկե, չկար, որ Ալիեւը կհամաձայներ Նիկոլ Փաշինյանի առաջարկին, բայց այս դեպքում հակասությունն անցավ ոչ թե Երեւան-Բաքու կամ Բաքու-Ստեփանակերտ, այլ Երեւան-Ստեփանակերտ գծով։
Երկու շաբաթ անց ադրբեջանցի «էկոակտիվիստները» Շուշիի մոտ փակեցին Արցախ-Հայաստան հողորդակցությունը։ Ադրբեջանական կողմը տարածեց ԼՂ-ում ՌԴ խաղաղապահ զորախմբի հրամանատարի «ճեպազրույցի» ամբողջական տեսագրությունը, որտեղ նա շատ պարզ խոսեց Լաչինի միջանցքում «մինի մաքսակետ տեղադրելու» մասին։ Եվ հասկանալի դարձավ, որ Արցախ-Հայաստան անարգել կապ այլեւս չի լինելու։ Մի քանի ամիս տեւած «բանակցությունները» ոչ մի արդյունք չունեցան։ Ապրիլի 23-ին Ադրբեջանը «հանգուցալուծեց» իրավիճակը՝ Հակարիի կամրջին տեղադրեց հսկիչ-անցագրային կետ։
Շրջանը փակվեց։ Ապրիլի 30-ին այդ անցակետով քաղաքացիական անձինք եւ մեքենաներ են անցել՝ ենթարկվելով անձնագրային ստուգման եւ սահմանային զննման։ Կապ չունի՝ նրանք Բերդաձորի բնակիչներ էին, թե Ստեփանակերտի։ Իրականության քաղաքական ընկալումը դրանից չի փոխվում․ Հայաստանից Արցախ եւ հակառակ ուղղությամբ տեղաշարժն այլեւս միջպետական է։ Ադրբեջանին մնում է միջազգայնորեն լեգիտիմացնել, որ «չկա Լաչինի միջանցք, գործում է Գորիս-Ստեփանակերտ ավտոճանապարհ»։
Կա՞ աղետը կանխելու հնարավորություն։
Տեսականորեն՝ այո։ Իսկ գործնականո՞ւմ։ Այդ ուղղությամբ ի՞նչ է անում Ստեփանակերտը։ Այս պահին մի խումբ երիտասարդներ ստորագրահավաք են կազմակերպել։ Նախաձեռնողների մտադրվածությամբ՝ պետք է կանխել Արցախում էթնիկ զտումը։ Իսկ Իլհամ Ալիեւը Միացյալ Նահանգների պետքարտուղարի հետ հեռախոսազրույցում խոստանում է ապահովել ԼՂ հայ բնակչության բոլոր իրավունքները՝ երկրի սահմանադրության եւ միջազգային պարտավորությունների շրջանակներում։ Քաղաքական առումով ոչ ոք չի արձանագրում «բնակության այլ վայր ընտրելու»՝ արցախահայությանն ուղղված նրա վերջնագիրը։ Բոլորը շահագրգռված են իրավիճակի «լիցքաթափմամբ»։
Անփոփոխ է մնում արցախյան «ռոմանտիկան», անկոտրում հավատը, որ «աշխարհը ծղոտից տանիքով չէ», որ հզորները «կպարտադրեն, եւ Ադրբեջանը տեղի կտա»։ Այդպես չի լինելու։ Հակարիի կամրջի ադրբեջանական անցակետը չի ապամոնտաժվելու, մինչեւ Լեռնային Ղարաբաղի խնդրի միջազգային իրավա-քաղաքական սահմանումը չվերահաստատվի։ Ալիեւի խնդիրը գոնե այս փուլում սահմանային անցակետում հայերին ծաղրուծանակի ենթարկելը կամ անցանկալի անձանց ձերբակալությունը չէ, ինչպես ներկայացնում են Ստեփանակերտում։ Էականը Լաչինի միջանցքի չեղարկումն է, Հայաստան-Արցախ հաղորդակցության վերահսկողության՝ Ադրբեջանի «սուվերեն իրավունքի» միջազգայնորեն լեգիտիմացումը։
Բաց թողնված ժամանակի եւ հնարավորության համար կարելի է ափսոսալ, բայց ավելի կարեւոր է փորձել հասկանալ․ շրջանը փակելու նախաձեռնությունը միայն Ալիեւի՞նն է։ Ստեփանակերտում անցած աշնանը մի նարատիվ էր «թափառում», որ գործող իշխանությունը «քայլ առ քայլ հանձնվում է»։ Ռուբեն Վարդանյանի առաքելությունը հիմնավորվում էր «ընթացքը կանխելու պատմական անհրաժեշտությամբ»։ Ոչ միայն չստացվեց, այլեւ «շաբաթն ուրբաթից շուտ եկավ»։ Սա է իրականությունը, իսկ այլընտրանք միայն ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանն է հնչեցնում։ Իրացնելի՞ է այդ ծրագիրը՝ խնդիրը ներկայացնել իրավական ատյաններին։
Դժվար է ասել։
Բայց ավելի վտանգավորը առհասարակ ոչինչ չանելն է։
Իսկ սարսափելին այն է, երբ ինչ-որ բան արվում է բացառապես մեզնից ինչ-որ մեկի դեմ։ Եվ աղետը գալիս է մեր «բացած արահետներով»։
Պատմաբան, լրագրող, հրապարակախոս, քաղաքական գործիչ։ Հայաստանի Գերագույն Խորհրդի (1990-95) Արցախից ընտրված պատգամավոր, 2000-2015 թվականներին Արցախի Ազգային ժողովի երեք գումարումների պատգամավոր։ «Հոգեւոր Հայաստանը եւ արդիականությունը» գրքի հեղինակն է։