ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում մայիսի 1-ին ԱՄՆ-ի միջնորդությամբ մեկնարկել են Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների միջեւ բանակցությունները «Հարաբերությունների կարգավորման շուրջ համաձայնագիր» փաստաթղթի շուրջ: ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը նախ հյուրընկալել է արտգործնախարարներ Միրզոյանին եւ Բայրամովին՝ առանձին կարճ հանդիպումների, ապա եռակողմ քննարկումների ձեւաչափով: Ավելի ուշ ԱՄՆ Առլինգտոն քաղաքում՝ Ջորջ Պ. Շուլցի անվան արտաքին գործերի ազգային ուսումնական կենտրոնում, տեղի է ունեցել Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի եւ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի երկկողմ հանդիպումը։
Կովկասում բանակցությունների գծով ավագ խորհրդական Լուիս Բոնոն եւ փոխպետքարտուղարի տեղակալ Էրիկա Օլսոնն ընդգծել են ԱՄՆ հանձնառությունը խաղաղ կարգավորմանը եւ տեղեկացրել, որ Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումները տեղի կունենան ընթացիկ շաբաթվա մի քանի օրվա ընթացքում: Ըստ Բոնոյի՝ կողմերը խոստովանել են, որ սա առաջին անգամն է, երբ իրենք հանդիպում են հաջորդաբար: Նա շեշտել է, որ քննարկումներն ընթանում են շատ կառուցողակական մթնոլորտում։ ԱՄՆ փոխպետքարտուղարի տեղակալ Էրիկա Օլսոնը, կարեւորելով բանակցությունների շարունակական բնույթը, միաժամանակ հույս է հայտնել, որ խնդրի կարգավորմանը հասնելու համար կողմերն անմիջական եւ անկեղծ քննարկումներ կծավալեն:
Պետքարտուղարության ներկայացուցիչը հայտնել է, որ համապարփակ համաձայնագրի շուրջ ընթացող բանակցություններում քննարկվող հարցերի թվում են երկու երկրներում ազգային փոքրամասնությունների իրավունքներն ու անվտանգությունը: Անդրադառնալով Լաչինի միջանցքի խնդրին՝ ամերիկյան կողմը վերահաստատել է առեւտրային եւ մարդասիրական ազատ տեղաշարժի ապահովման կարեւորությունը՝ շարունակելով ներգրավված մնալ այդ քննարկումներում, եւ ակնկալում, որ տեղաշարժը միջանցքով շուտով կվերականգնվի:
Ամերիկյան կողմը հիասթափություն է հայտնել բանակցությունների նկատմամբ Մոսկվայի բացասական արձագանքի առնչությամբ: Բարձրաստիճան դիվանագետները նշել են, որ ամենակարեւորն այն է, որ կողմերը կարողանան շփվել միմյանց հետ, որտեղ էլ դա տեղի ունենա՝ Վաշինգտոնում, Բրյուսելում թե Մոսկվայում։ Վաշինգտոնի նպատակն է հարթակի տրամադրումը՝ տեւական, հավասարակշռված եւ արժանապատիվ խաղաղության հասնելու համար։ Բոնոն նշել է, որ ԱՄՆ-ը ձգտում է՝ կողմերը կարգավորեն իրենց հարաբերությունները, ի վիճակի լինեն կողք կողքի ապրելու, ամրապնդելու տնտեսական կապերը եւ, նույնիսկ, իրենց հավաքական անվտանգությունը տարածաշրջանում: