ԱՄՆ պետքարտուղարության խոսնակի առաջին տեղակալ Վեդանտ Պատելն անդրադառնալով ԱՄՆ-ի միջնորդությամբ Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի եւ Ջեյհուն Բայրամովի միջեւ անցկացված բանակցություններին, հայտարարել է, որ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը վստահ է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ առկա խնդիրները լուծելու միակ ճանապարհը բանակցություններն են: Պատելը շեշտել է, որ ԱՄՆ-ն ուրախ է հյուրընկալելու Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարներին եւ նպաստել բանակցություններին, որոնց նպատակը Հարավային Կովկասում խաղաղ ապագան է:
Ըստ Վեդանտ Պատելի՝ պետքարտուղարը համոզված է, որ խնդիրների լուծման եւ կայուն խաղաղության հասնելու համար ուղիղ երկխոսությունն առանցքային է: Նա խորապես ներգրավված է եղել այս գործում: Պատելը հավելել է, որ Վաշինգտոնը կշարունակի մեծ ուշադրություն դարձնել այս հարցին: Ինչ վերաբերում է բանակցությունների հնարավոր հաջողությանը, Պատելը նշել է, որ դա, ի վերջո, պետք է որոշեն երկու երկրները։ ԱՄՆ-ը ձգտում է այս երկու երկրների միջեւ խաղաղության եւ կայունության Լեռնային Ղարաբաղում:
Նա կրկին հիշեցրել է Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների եւ արտգործնախարարների հետ Էնթոնի Բլինքենի նախորդ եռակողմ հանդիպումների մասին՝ վստահություն հայտնելով, որ երկու երկրների միջեւ խաղաղությունը հնարավոր է: Ըստ ԱՄՆ պետքարտուղարության փոխխոսնակի՝ ԱՄՆ-ը շարունակում է պնդել, որ հարկավոր է ապահովել մարդկանց եւ ապրանքների ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքով: