2023 թվականի հունվար-մարտին Հայաստանում տնտեսական ակտիվությունը նորից երկնիշ՝ 12,2 տոկոս աճ է գրանցել։ Սա նշանակում է, որ մեկ տարի երկու ամիս առաջ սկսված ռուս-ուկրաինական պատերազմը շարունակում է դրականորեն ազդել մեր տնտեսության վրա, որ Ռուսաստանից գումարների մեծ հոսքը դեռ պահպանվում է։
Բայց վերջին մեկ տարվա միտումների համաձայն շարունակվում է բարձր մնալ հատկապես մի քանի ոլորտների եւ ոչ թե ամբողջ տնտեսության աճը։ Օրինակ՝ այս տարվա հունվար-մարտին 22,9 տոկոսով աճել է ծառայությունների ոլորտը, 21 տոկոսով՝ առեւտուրը։ Նորից հիշեցնենք, որ այս ճյուղերն այսքան բարձր թռիչք են ունենում հիմնականում Հայաստան տեղափոխված ռուս ռելոկանտների ու նրանց ծախսած փողերի շնորհիվ։
Կրկնակի աճ է ունեցել արտաքին առեւտրաշրջանառությունը, որի շրջանակում 2,3 անգամ աճել է արտահանումը, գրեթե կրկնակի՝ 189 տոկոսով էլ ավելացել է ներմուծումը։ Այս դեպքում հարկ է նշել, որ արտահանումն իր աճի տեմպերով գերազանցել է ներմուծմանը, մինչդեռ տարիներ առաջ հակառակ երեւույթն էր։ Բայց այստեղ այնքան էլ չպետք է ուրախանալ, քանի որ կտրուկ չի ավելացել սեփական արտադրանքի արտահանումը։
Հայաստանը չունի այնքան արտադրություն, որ մեկ տարում կարողանա արտահանման ավելի քան կրկնակի աճ ապահովել։ Նույն այդ ժամանակահատվածում արդյունաբերական արտադրանքի ծավալն աճել է ընդամենը 3,6 տոկոսով։ Այդպիսով՝ ավելացել են ոչ թե տեղական արտադրանքն ու դրա արտահանումը, այլ վերաարտահանումը։ Ավելացել է ներմուծումը, որի մի մասը վերաարտահանվում է ՌԴ, քանի որ այդ երկիրն Ուկրաինայի վրա հարձակվելուց հետո հայտնվեց Արեւմուտքի խիստ պատժամիջոցների տակ ու զրկվեց տեխնոլոգիաների ներմուծումից։ Դա անում է գործընկեր երկրների, այդ թվում Հայաստանի միջոցով։
Բայց սա մի օր դադարելու է, քանի որ ԱՄՆ-ը պարբերաբար զգուշացնում է, որ պատժամիջոցների տակ կհայտնվեն նաեւ այն երկրները, որոնք ՌԴ-ին օգնում են շրջանցելու իր նկատմամբ կիրառվող սահմանափակումները։ Ընդամենն օրեր առաջ հայտնի դարձավ, որ մեր երկրում գրանցված մի ընկերություն՝ «ՏԱԿՈ» ՍՊԸ-ն, հայտնվել է Վաշինգտոնի հակառուսական պատժամիջոցների տակ։ «ՏԱԿՈ»-ն մեր երկրում գրանցվել է 2022-ի մայիսին՝ Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների սահմանման հենց սկզբում։
Պետռեգիստրի տվյալներով դրա սեփանակատերը ՌԴ քաղաքացի Վադիմ Վերխովցեւն է։ «ՏԱԿՈ»-ն զբաղվում է էլեկտրոնային սարքավորումների մեծածախ առեւտրով։ ԱՄՆ-ը պնդում է, որ այն համագործակցում է ռուսական «Ռադիոավտոմատիկայի» հետ, որը ռուսական պաշտպանական ոլորտի ընկերություն է, զբաղվում է տեղական եւ արտասահմանյան էլեկտրոնային բաղադրիչների, չափող եւ փորձարկող սարքերի մատակարարմամբ։
Ընդհանուր առմամբ մեր երկրից դեպի Ռուսաստան արտահանման կառուցվածքում կտրուկ ավելացել են ներկրվող մեքենաները, մեքենասարքավորումներն եւ այլ տեխնիկական ապրանքները, որոնց վաճառքն Արեւմուտքն արգելել է։ Այնպես որ դեպի ՌԴ վերաարտահանմանը զարկ տալով՝ Հայաստանը կարող է ինքը հայտնվել Արեւմուտքի կոշտ պատժամիջոցների տակ եւ տնտեսական խնդիրներ ունենալ։
Իսկ ինչ վերաբերում է այս տարվա առաջին եռամսյակի զարգացումներին, ապա երկնիշ՝ 15,6 տոկոս աճ է գրանցել նաեւ շինարարության ոլորտը, ինչը հիմնականում մայրաքաղաքային լայնածավալ բնակարանաշինության եւ ճանապարհաշինության շնորհիվ է։ Մնացած ոլորտներում էական աճ չկա։ Այս տարվա առաջին եռամսյակում գյուղատնտեսությունն աճել է ընդամենը 1,4 տոկոսով, իսկ էլեկտրաէներգիայի արտադրությունն անգամ նվազել է 0,4 տոկոսով։
«Այսինքն՝ դարձյալ ունենք տրանսֆերտներից կախված տնտեսություն, եւ այդ երկնիշ աճը մեկ օրում կվերանա, երբ դրսից եկող գումարի հոսքը կանգնի։ Շինարարությունն աճում է, բայց խոշոր արտադրական շենք-շինություններ չեն կառուցվում։ Բնակարանաշինությունը նորից կարող է շինարարական փուչիկի էֆեկտ ունենալ։ Եվ ինչպես 2009 թվականին 14 տոկոս անկում ունեցանք, այդպիսի անկում կունենանք, երբ ՌԴ-ից գումարները կտրուկ նվազեն, երբ ռուսները գնան Հայաստանից»,- ասում է տնտեսագետ Սուրեն Պարսյանը։
Արդյոք մեր իշխանությունները չեն փորձում Հայաստան հոսող գումարներից ու այս մի քանի ոլորտների աճից հավելյալ արժեք գեներացնել կամ այնպիսի ներդրումներ անել, որ երբ դրանք նվազեն, տնտեսությունը, ինչպես Պարսյանն է ասում, կտրուկ անկում չունենա։ Անգամ այսօր ստացված գումարները ինչ-որ չափով ձեւավորեն մեր տնտեսության հետագա զարգացման հիմքերը։
Մեկ այլ տնտեսագետ՝ Արման Քթոյանն էլ ասում է, թե ՌԴ-ից եկող գումարներով լուծվում են միայն կարճաժամկետ խնդիրները։ Բայց եթե դասական տնտեսագիտական մոտեցմամբ առաջնորդվենք, զարգացման պոտենցիալը տեխնոլոգիաների եւ մարդկային կապիտալի մեջ ներդրումն է։ «Եթե խոսում ենք այն մասին, թե քայլեր ձեռնարկվում են այս ուղղությամբ, որոշակի քայլեր ձեռնարկվում են, բայց չէի ասի, որ դրանք ընդգրկուն են։ Նույն արդյունաբերության մեջ որակյալ տեղաշարժ չունենք։ Միայն հանքագործության հարակից ճյուղերը, թանկարժեք քարերի ու մետաղների արտադրությունն են շարժ գրանցում։ Իսկ տեխնոլոգիաների դեպքում ցանկալի կլիներ տեսնել ներդրումների որակական, բազմավեկտոր աճ, ինչը դեռ չկա։ Ժամանակահատվածն էլ մեծ չէ, որ տնտեսության մեջ որակյալ տեխնոլոգիաների ներդրման աճ ակնկալենք»,- ասում է տնտեսագետը։
Արման Քթոյանը նաեւ հավելում է, թե որոշում կայացնողների շրջանում կա այդ ներդրումների կարեւորության գիտակցումը, բայց այդ ուղղությամբ լուրջ քայլեր չի տեսնում:
Լրագրող եմ, գրում եմ քաղաքականության եւ տնտեսության մասին։ Սիրում եմ, երբ այդ երկուսը միախառնված են, եւ հնարավոր չի լինում հասկանալ՝ քաղաքական շահե՞րն են որոշում տնտեսական զարգացումները, թե՞ տնտեսական շահերն են որոշում քաղաքական զարգացումները։