Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու մամուլի խոսնակ Սերգեյ Նիկիֆորովը ի պատասխան Կրեմլի մեղադրանքների հայտարարել է, որ Ուկրաինան առնչություն չունի Կրեմլի վրա այսպես կոչված «գիշերային գրոհների» հետ։ Ավելի վաղ ՌԴ նախագահի մամուլի ծառայությունից հայտնել են, որ մայիսի 3-ին Ուկրաինան գիշերը փորձել է անօդաչու թռչող սարքերով հարվածել Կրեմլի նախագահական նստավայրին, եւ որ հարձակման հետեւանքով Վլադիմիր Պուտինը չի տուժել։ ՌԴ իշխանությունները, որ տեղի ունեցածն անվանել են ծրագրված ահաբեկչական գործողություն, հավելել են, որ Ռուսաստանն իրեն իրավունք է վերապահում հակահարված տալու «որտեղ եւ երբ նպատակահարմար համարի»։
Ուկրաինայի նախագահի մամուլի խոսնակը հիշեցրել է Վլադիմիր Զելենսկու բազմիցս արած հայտարարությունը, որ Ուկրաինան իր տրամադրության տակ գտնվող բոլոր ուժերն ու ամբողջ զինանոցն ուղղում է իր տարածքների ազատագրմանը, այլ ոչ թե ուրիշի տարածքի վրա հարձակմանը։ «Առանձնապես զարմացնում են ահաբեկիչ երկրի ձեւակերպումները։ Ահաբեկչությունը Դնեպրում եւ Ումանում ավերված շենքերի մուտքերն են կամ էլ Կամատորսիկի կայարանում հրթիռակոծությունը եւ մյուս ողբերգությունները։ Իսկ այն, ինչ տեղի է ունեցել Մոսկվայում, թերեւս մայիսի 9-ից առաջ իրավիճակի սրման փորձ է, մեր հակառակորդների սպասված հնարքը»,- ընդգծել է Ուկրաինայի նախագահի մամուլի խոսնակը։