ԱՄՆ պետքարտուղարությունն անհանգստություն է հայտնել հայկական ավիաընկերությունների թռիչքների թույլտվությունը կասեցնելու վերաբերյալ Թուրքիայի որոշման կապակցությամբ: Նշվում է, որ Միացյալ Նահանգները վճռականորեն աջակցում է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորմանը, ինչը լավ կլիներ ամբողջ տարածաշրջանի համար։ Թուրքիայի հայտարարությունն իր տարածքով հայկական ավիաընկերությունների թռիչքների թույլտվությունը կասեցնելու մասին լուրը Վաշինգտոնում հիասթափությամբ ի գիտություն են ընդունել։
«Ավելի վաղ երկրների միջեւ ձեռք բերված համաձայնություններն ավիահաղորդակցության վերականգնման վերաբերյալ դարձել են վստահության ամրապնդման կարեւոր միջոցներ։ Անկեղծորեն հույս ունենք, որ Թուրքիան եւ Հայաստանը կշարունակեն վերականգնել տնտեսական կապերը եւ բացել տրանսպորտային հաղորդակցությունը»,- «Առաջինի լրատվական ալիքի» հարցմանն ի պատասխան նշել է ԱՄՆ պետքարտուղարությունը։