Միացյալ Նահանգները Լեռնային Ղարաբաղի բնակչության անվտանգության եւ իրավունքների հարցը կենտրոնական է համարում Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հակամարտությունում։ Միացյալ Նահանգները նշում է, որ Լեռնային Ղարաբաղի բնակիչները պետք է անվտանգ զգան իրենց տանը, իսկ նրանց իրավունքները պաշտպանված լինեն, ինչը միակ միջոցն է երաշխավորելու հակամարտության կայուն կարգավորումը։
«Միացյալ Նահանգներն աջակցում է համաձայնագրի, որը երկարակյաց է, կայուն եւ խաղաղության հիմքեր է դնում։ Լեռնային Ղարաբաղի բնակչության իրավունքների եւ անվտանգության հարցը կենտրոնական դեր ունի Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հակամարտությունում։ Ապահովելը, որպեսզի այդ բնակչությունը կարողանա իրեն անվտանգ զգալ իր տանը, եւ որ նրա իրավունքները պաշտպանված լինեն, միակ միջոցն է երաշխավորելու հակամարտության կայուն կարգավորումը, որը շատ երկար է տեւել եւ չափազանց շատ կյանքեր է խլել։ Մենք կողմերին խնդրել ենք դիտարկել, թե ինչպես լավագույնս պաշտպանել այդ բնակչության իրավունքներն ու անվտանգությունը»,- «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան ընդգծել են Պետդեպից։
ԱՄՆ Պետդեպից հայտնել են, որ Միացյալ Նահանգների համար պատիվ է ընդունել խաղաղության ուղղությամբ աշխատող Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարներին։ ԱՄՆ-ը շարունակում է հավատարիմ մնալ Հարավային Կովկասի խաղաղ ապագան խթանելուն։ Պետդեպից նշում են՝ ուղիղ երկխոսությունը մնում է խնդիրների լուծման եւ կայուն խաղաղության հասնելու բանալին՝ հավելելով, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ համաձայնության ծավալն ու բնույթը երկու կողմերի դաշտում է։ «Մեր նպատակն է ապահովել հարթակ, որտեղ կարող են անցկացվել երկկողմ քննարկումներ, իսկ կողմերը կարող են միասին իրականացնել իրապես ծանր աշխատանք կայուն խաղաղության հաստատման գործընթացում առաջընթաց ապահովելու համար»,- ասված է Պետդեպի պատասխանում։ Պետդեպից հավելել են, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ համաձայնությանը կամ անհամաձայնությանը առնչվող հարցերը պետք է ուղղել երկու կողմերին։