Հարավային Կովկասի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը Հայաստանի հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանազատման գործընթացում հայկական գյուղերի հարցերն անխուսափելիորեն պետք է լուծվեն։ Անդրադառնալով Ադրբեջանի եւ Նախիջեւանի տարանցիկ երթուղիների հարցին՝ նա նշել է, որ այդպիսի երթուղու կամ նման երկաթուղու Հայաստանի տարածքում լինելու պարագայում այն պետք է գործի Հայաստանի օրենքներով եւ կանոնակարգերով: Նման լուծումը Տոյվո Կլաարը միանգամայն բնական է համարել եւ համոզմունք հայտնել, որ Հայաստանով անցնող տարանցիկ կապերի համաձայնեցման հարցում պետք է որ հեշտ լինի առաջ շարժվել:
«Հուսով եմ՝ կկարողանանք բոլոր կողմերից որոշակի բարի կամքի դրսեւորման դեպքում իրական առաջընթաց գրանցել այս ոլորտում, քանի որ ես կարծում եմ, որ դա բխում է ոչ միայն Ադրբեջանի, այլ նաեւ Հայաստանի շահերից, եթե այդ պարագայում ունենանք երկաթուղի, որն Ադրբեջանից անցնում է Հայաստանով դեպի Նախիջեւան, իսկ Նախիջեւանից շարունակվում է դեպի Գյումրի եւ, ի վերջո, դեպի Կարս: Եթե այն լինի Հայաստանի վերահսկողության ներքո»,- ընդգծել է ԵՄ հատուկ ներկայացուցիչը: