Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինան ողջունել է Վաշինգտոնում Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների բանակցությունները:
«Ուրախ ենք լսել, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ 4-օրյա կառուցողական բանակցություններից հետո կայուն խաղաղության համաձայնագրի կնքման ուղղությամբ նկատելի առաջընթաց է գրանցվել։ Բանակցություններին եւ երկխոսությանը այլընտրանք չկա: ՆԱՏՕ-ն հանդես է գալիս մեր երկու գործընկերների՝ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորման օգտին»,- թվիթերյան իր գրառման մեջ նշել է Կոլոմինան։
Նախօրեին, ըստ ՀՀ ԱԳՆ-ի տարածած հաղորդագրության, Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը եւ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը եւ նրանց թիմերը «Խաղաղության եւ միջպետական հարաբերությունների հաստատման մասին» երկկողմ համաձայնագրի նախագծի որոշ հոդվածների շուրջ ունեցել են փոխըմբռնման առաջընթաց՝ միեւնույն ժամանակ արձանագրելով, որ մի շարք առանցքային հարցերի շուրջ դիրքորոշումները մնում են տարամետ: