Ըստ Medical News Today գիտահանրամատչելի պարբերականի՝ համացանցից կանոնավոր օգտվող տարեցները կիսով չափ ավելի շատ են հակված դեմենցիայի՝ թուլամտության, քան այն առավել հազվադեպ օգտագործողները: Գիտնականները, սակայն, պարզել են, որ խոսքը այն տարեցների մասին է, որոնք համացանցից օգտվում են օրական 2 ժամից ոչ ավելի։ Միեւնույն ժամանակ համացանցի չափից ավելի օգտագործումը կարող է, ընդհակառակը, բացասաբար ազդել ինքնազգացողության վրա։
Նյու Յորքի համալսարանի գիտնականները 8 տարի շարունակ վերահսկել են 50-64 տարեկան 18154 տարեցների կոգնիտիվ առողջությունը, որոնք դեմենցիա չեն ունեցել։ Որպես արդյունք նրանք պարզել են, որ համացանց կանոնավոր օգտագործողների մոտ 43%-ով ցածր է թուլամտության զարգացման ռիսկը: Միաժամանակ, մինչ հետազոտության ավարտը մասնակիցների 5%-ի մոտ ախտորոշվել է այս հիվանդությունը։ «Մարդիկ, որոնք օգտվում էին համացանցից օրական մինչեւ 2 ժամ, ցույց տվեցին դեմենցիայի զարգացման ամենացածր ռիսկը»,- ասված է հետազոտության մեջ:
Հետազոտության հեղինակները նշում են, որ այն մարդիկ, որոնք ընդհանրապես չէին օգտվում համացանցից կամ դրա վրա 2 ժամից ավել էին ծախսում, հիվանդության զարգացման վտանգի տակ էին։ «Համացանց օրական 2 ժամից ավելի օգտագործելը չի պաշտպանում դեմենցիայից, այլ նպաստում է դրա զարգացմանը»,- նշել է Խաղաղօվկիանոսյան նյարդաբանության ինստիտուտի պրոֆեսոր Սքոթ Կայզերը: Ընդ որում՝ ուսումնասիրության ընթացքում չի արձանագրվել, թե կոնկրետ ինչ են արել մասնակիցները համացանցում։
Ամերիկացի գիտնականները ենթադրել են, որ ըստ հետազոտության արդյունքների համացանցում տեղեկություն փնտրելը կամ համացանցն այլ նպատակով օգտագործելը խթանում է ուղեղը եւ ստիպում այն աշխատել։ Այդպիսով ուղեղի աշխատանքը պաշտպանում է բջիջները վնասներից, արդյունքում նվազում է դեմենցիայի առաջացման վտանգը։ Ավելի վաղ մենք ասել էինք, որ համացանցի մշտական օգտագործումը կարող է վնասել հիշողությանը։