ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի (ԿԳՄՍ) նախարարությունից հայտնել են, որ նախարարի հրամանով հաստատվել են 2023 թվականի 2-րդ քննաշրջանի՝ դրսեկության ձեւով (էքստեռն) ավարտական քննությունների կազմակերպման եւ անցկացման աշխատակարգը եւ ժամանակացույցը: Ըստ այդմ՝ դրսեկության ձեւով (էքստեռն) ավարտական քննությունները կանցկացվեն 2023 թվականի հունիսի 5-ից մինչեւ հուլիսի 3-ը ներառյալ, Երեւանի թիվ 198 ավագ դպրոցում:
Հիմնական կրթության
Հիմնական կրթության վկայական ստանալու համար դրսեկները 2023-ի 2-րդ քննաշրջանի ընթացքում «Հայոց լեզու», «Մաթեմատիկա», «Ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Հայաստանի աշխարհագրություն», «Աշխարհագրություն» առարկաների քննությունները կհանձնեն գրավոր:
«Հայոց եկեղեցու պատմություն», «Համաշխարհային պատմություն», «Հասարակագիտություն», «Ինֆորմատիկա», «ՆԶՊ եւ անվտանգ կենսագործունեություն», «Ռուս գրականություն» (ռուսերենով ուսուցում ստացած դրսեկների համար), «Օտար լեզու» («Անգլերեն», «Ֆրանսերեն», «Գերմաներեն», այլ լեզուներ՝ սովորողի ընտրությամբ), «Հայոց պատմություն», «Գրականություն», «Ռուսաց լեզու» առարկաների քննությունները՝ բանավոր:
Միջնակարգ կրթության
Միջնակարգ կրթության ատեստատ ստանալու համար դրսեկները «Ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն», «Հայոց պատմություն», «Մաթեմատիկա», «Հայոց լեզու եւ հայ գրականություն» առարկաների քննությունները կհանձնեն գրավոր:
Օտար լեզու (անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, այլ լեզուներ՝ սովորողի ընտրությամբ), «Ռուսաց լեզու», «Հայոց եկեղեցու պատմություն», «Համաշխարհային պատմություն», «Հասարակագիտություն», «Ինֆորմատիկա», «ՆԶՊ եւ անվտանգ կենսագործունեություն», «Ռուս գրականություն» (ռուսերենով ուսուցում ստացած դրսեկների համար) առարկաները՝ բանավոր: «Ֆիզկուլտուրա» առարկայից կանցկացվի ստուգարք (նորմատիվների հանձնում):
Յուրաքանչյուր առարկայից առնվազն 4 թեստ
Գրավոր քննական թեստերը կազմում է Գնահատման եւ թեստավորման կենտրոնը` յուրաքանչյուր առարկայից առնվազն 4 թեստ՝ գնահատման 20 բալային համակարգով: Բանավոր քննական հարցատոմսերը կազմում են էքստեռն քննություններ ընդունող դպրոցի համապատասխան մեթոդական միավորումները` առնվազն 10 հարցատոմս յուրաքանչյուր առարկայից՝ գնահատման 10 բալային համակարգով:
Հիմնական կրթության վկայականում եւ միջնակարգ կրթության ատեստատում ավարտական եւ պետական ավարտական քննական առարկաները գնահատվում են 20 բալային համակարգով, իսկ տարեկան գնահատականները նշանակվում են` 20 բալային համակարգից գնահատականները վերածելով 10 բալային համակարգի: Բանավոր քննությունները գնահատվում են 10 բալային համակարգով եւ համարվում են տարեկան գնահատականներ:
20 բալային համակարգից 10 բալային համակարգին անցման համապատասխանությունը
Գնահատականները գրանցելիս գնահատման 20 բալային համակարգից 10 բալային համակարգին անցման համապատասխանությունը կատարվում է ըստ հետեւյալ սանդղակի՝ 20 միավոր-10, 18-19 միավոր-9, 16-17 միավոր-8, 14-15 միավոր-7, 12-13 միավոր-6, 10-11 միավոր-5, 8-9 միավոր-4: Դրսեկության ձեւով (էքստեռն) քննությունները կանցկացվեն՝ ըստ սահմանված ժամանակացույցի: Դրսեկության ձեւով (էքստեռն) ավարտական քննությունները կազմակերպելու եւ անցկացնելու գործընթացը համակարգում է ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը: