ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ Հայաստանը 2023-ի առաջին եռամսյակում արտահանել է 1 միլիարդ 664 միլիոն 789,9 հազար դոլարի ապրանք: Նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ արտահանված ապրանքների ծավալն ավելացել է 2,3 անգամ: Դրանում ամենամեծ մասը բաժին է ընկնում թանկարժեք եւ կիսաթանկարժեք քարերին, թանկարժեք մետաղներին ու դրանցից պատրաստված իրերին: Ներմուծումը՝ 2 միլիարդ 583 միլիոն 263,3 հազար դոլար, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ աճել է 89,1%-ով: Հայաստանի արտաքին եւ փոխադարձ առեւտրաշրջանառությունը 2023-ի առաջին եռամսյակում եղել է 4 միլիարդ 248 միլիոն 53,2 հազար դոլար, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից 2 անգամ ավելի է:
Ամենաշատ արտահանումն արվել է դեպի Ռուսաստան՝ 838 միլիոն 777,9 հազար դոլարի, ինչը 4,5 անգամ ավելի շատ է 2022-ի հունվար-մարտ արտահանվածի համեմատ: Արտահանման ծավալներով երկրորդ տեղում Արաբական Միացյալ Էմիրություններն է: Այս տարվա առաջին եռամսյակում Հայաստանից ԱՄԷ արտահանվել է 288 միլիոն 774,9 հազար դոլարի արտադրանք, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճը 13,2 անգամ է: Հաջորդը Նիդերլանդներն է: Հայաստանից Նիդերլանդներ արտահանումը 2023-ի հունվար-մարտին եղել է 100 միլիոն 128,9 հազար դոլար, նախորդ տարվա առաջին եռամսյակի համեմատ աճը 80,5% է: Հայաստանից ԵԱՏՄ երկրներ արտահանման ծավալը եղել է 878 միլիոն 138,2 հազար դոլար, իսկ ԵՄ երկրներ՝ 185 միլիոն 436,7 հազար դոլար:
Առաջին եռամսյակում արտահանված ապրանքների արտահանման ծավալներում ամենամեծ բաժինն ունեն 382 միլիոն 445,4 հազար դոլարի թանկարժեք եւ կիսաթանկարժեք քարերը, թանկարժեք մետաղները եւ դրանցից պատրաստված իրերը, 2022-ի հունվար-մարտի նկատմամբ այս ցուցանիշն ավելացել է շուրջ 4 անգամ: Հայաստանից ամենաշատն արտահանվել են 270 միլիոն 988,6 հազար դոլարի մեքենաներ, սարքավորումներ եւ մեխանիզմներ. այս ցուցանիշն ավելացել է 16,9 անգամ: Երրորդ տեղում պատրաստի սննդի արտադրանքն է, Հայաստանից հունվար-մարտին արտահանվել է 208 միլիոն 456,6 հազար դոլարի պատրաստի սննդի արտադրանք. 2022-ի նույն ժամանակաշրջանի համեմատ այդ ցուցանիշն աճել է 53,3%-ով: