Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովն անդրադարձել է Երեւան-Բաքու հարաբերությունների կարգավորման գործընթացին: Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նշել է, որ չնայած երկկողմ շփումների որոշակի դինամիկային՝ տարբեր ոլորտներում, մասնավորապես խաղաղության հնարավոր պայմանագրի նախագծի շուրջ գրանցված առաջընթացը դեռ չի արդարացնում ադրբեջանական կողմի սպասելիքները:
Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ Ադրբեջանի արտգործնախարարը հայկական կողմին երկու երկրների միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացում ավելի ակտիվ ջանքեր գործադրելու կոչ է արել։ «Կարծում ենք՝ Հայաստանի եւ Ադրբեջանի հարաբերությունները կարգավորելու լավագույն ճանապարհը երկրների ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության ճանաչումն է»,- նշել է Բայրամովը: Ըստ նրա՝ Բաքվի դիրքորոշումն այս հարցում հստակ է, սկզբունքային եւ անփոփոխ։