ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավարի տեղակալ Վեդանտ Պատելը հայտարարել է, որ Ադրբեջանի եւ Հայաստանի պատվիրակություններն անցած շաբաթ Վաշինգտոնում անցկացված բանակցություններում համաձայնեցրել են խաղաղության հնարավոր պայմանավորվածության որոշ դրույթներ: Պետդեպի փոխխոսնակը քննարկումները կառուցողական է համարել, եւ զգալի առաջընթաց է գրանցվել բարդ հարցերի լուծման գործում։ «Ինչպես գիտեք, երկու երկրներն էլ սկզբունքորեն համաձայնեցրել են որոշ պայմաններ, ավելի լավ են հասկանում (այժմ) միմյանց տեսակետները: Մենք կարծում ենք, որ լրացուցիչ բարի կամքի, ճկունության եւ փոխզիջման դեպքում համաձայնագիրը հասանելիության տիրույթում է»,- ասել է արտաքին քաղաքական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչը։
Ըստ փոխխոսնակի ՝ Միացյալ Նահանգները անհրաժեշտ աջակցություն է ցուցաբերում Ադրբեջանին եւ Հայաստանին։ «Մենք շարունակում ենք լիարժեք աջակցություն ցուցաբերել, քանի դեռ երկու պետությունները շարունակում են երկխոսություն վարել, շարունակում են հասնել կայուն խաղաղության»,- նշել է Պատելը։ Նա հավելել է, որ ուղիղ երկխոսությունը, Վաշինգտոնի կարծիքով, Բաքվի եւ Երեւանի միջեւ հարցերի լուծման եւ կայուն խաղաղության հասնելու բանալին է:
Ողջունել են Բրյուսելում նախատեսված հանդիպումը
ԱՄՆ պետքարտուղարության Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով բյուրոն ողջունել է մայիսի 14-ին Բրյուսելում նախատեսված Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարներ Նիկոլ Փաշինյանի եւ Իլհամ Ալիեւի հանդիպումը: «Սա լավ հնարավորություն է Վաշինգտոնի բանակցություններից հետո հետագա առաջընթաց գրանցելու համար»,- նշված է բյուրոյի թվիթերյան գրառման մեջ:
Եռակողմ ձեւաչափով հանդիպում կլինի նաեւ Մոսկվայում
Ավելի ուշ ՀՀ փոխարտգործնախարար Պարույր Հովհաննիսյանը հայտնել է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ եռակողմ ձեւաչափով հանդիպում կունենա նաեւ Մոսկվայում։ Հանդիպման ստույգ ժամանակը դեռ չի նշվել: