ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարել է, որ Վաշինգտոնում խաղաղության պայմանագրի հիմնարար հարցերի շուրջ պայմանավորվածություն ձեռք չի բերվել։ «Որոշ հարցերում ինչ–որ առաջընթաց եղել է, բայց դրանք ամենահիմնարարը չեն»,- հայտնել է նա։ ԱԽ քարտուղարը հիշեցրել է` բանակցություններում հայտնի սկզբունք կա. քանի դեռ ամեն ինչ համաձայնեցված չէ, ոչ մի բան էլ համաձայնեցված չէ։ Գրիգորյանը նշել է, որ մայիսի 14-ին Բրյուսելում, այնուհետեւ Քիշնեւում հանդիպում է լինելու, որին մասնակցելու են նաեւ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը եւ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը: «Կաշխատենք այն ուղղությամբ, որ հնարավորինս մոտարկենք մոտեցումները եւ առաջ շարժվենք»,– ասել է ԱԽՔ-ն։
ՀՀ ԱԽ քարտուղարը հայտնել է, որ ԼՂ հարցում մոտեցումները նույնն են. պետք է ստեղծվի միջազգային մեխանիզմ, Ստեփանակերտն ու Բաքուն նստեն բանակցությունների սեղանի շուրջ։ Գրիգորյանը հիշեցրել է, որ հայակական կողմն արդեն բարձրաձայնել է տարաձայնությունների մասին, եւ առանց դրանց լուծման պայմանագրի ստորագրումը հնարավոր չէ։
Անդրադառնալով Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլու հայտարարությանը, թե Հայաստանը պետք է ապամոնտաժի Երեւանում տեղադրված «Նեմեսիս» գործողության հերոսների հուշարձանը, հակառակ դեպքում Անկարան նոր քայլեր կձեռնարկի Հայաստանի նկատմամբ, Գրիգորյանը նշել է, թե արձանի հարցը Հայաստանի ներքին հարցն է, եւ որեւէ մեկն իրավունք չունի այդ հարցերում խառնվելու։ Ինչ վերաբերում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցին, ԱԽ քարտուղարը նշել է, որ հարաբերությունների կարգավորումը պետք է լինի առանց նախապայմանների։