Ըստ ամերիկյան CNN գործակալության՝ Մանհեթենի դաշնային երդվյալ ատենակալները ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփին մեղավոր են ճանաչել լրագրող, Elle ամսագրի սյունակագիր, գրող Էլիզաբեթ Ջին Քերոլին սեռական ոտնձգության ենթարկելու համար: Երդվյալ ատենակալները Թրամփին մեղավոր են ճանաչել սեռական ոտնձգության համար, բայց ոչ բռնաբարության: Թրամփի փաստաբան Ջո Տակոպինան սա «տարօրինակ» է անվանել, քանի որ ի սկզբանե բռնաբարության մեղադրանք էր ներկայացվել։
Դատարանը Թրամփին պարտավորեցրել է Քերոլին 5 միլիոն դոլարի փոխհատուցում վճարել: Քերոլը ԱՄՆ 45-րդ նախագահին մեղադրել է 1996-ին Bergdof Goodman հանրախանութի հանդերձարանում իրեն բռնաբարելու, այնուհետեւ դա հերքելու միջոցով իրեն զրպարտելու համար: Թրամփը կտրականապես հերքել է իր դեմ ուղղված բոլոր մեղադրանքները, իսկ դատավճիռն անվանել է «խայտառակություն» եւ «վհուկների որս»:
CNN-ը պնդում է, որ դատավճիռն իրավական որեւէ ազդեցություն չի ունենա 2024-ի նախագահական ընտրություններին նրա թեկնածության առաջադրման վրա, քանի որ սա քաղաքացիական գործ էր: Թրամփն անցնում է նաեւ քրեական գործով. Մանհեթենի դատախազությունն էլ նրան մեղադրում է պոռնոդերասանուհի Սթորմի Դենիելսին կաշառք վճարելու համար, որպեսզի վերջինս չբարձրաձայնի իրենց արտաամուսնական կապի մասին: