Ըստ Associated Press գործակալության՝ պետական պարտքի վերին շեմի բարձրացման խնդրի շուրջ Կոնգրեսի առաջնորդների հետ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հանդիպումն անարդյունք է ավարտվել: Բայդենը կտրականապես դեմ է արտահայտվել դեֆոլտի գաղափարին։ Նա համոզմունք է հայտնել, որ երկիրը կարող է խուսափել դեֆոլտից, եւ շեշտել, որ Ամերիկայի պարտավորությունները ձախողելը բացառվում է: «Պատրաստ եմ առանձին քննարկում սկսելու իմ բյուջեի, ծախսերի գերակայությունների վերաբերյալ, սակայն ոչ դեֆոլտի սպառնալիքի տակ»,- ընդգծել է ԱՄՆ նախագահը:
Նախօրեին ԱՄՆ ֆինանսների նախարար Ջանեթ Յելենը հայտարարել էր, որ պետպարտքի վերին շեմը չբարձրացնելու դեպքում Միացյալ Նահանգները կկանգնի սահմանադրական ճգնաժամի առաջ: Ջո Բայդենը Կոնգրեսին խնդրել է բարձրացնել պետական պարտքի վերին շեմն առանց նախապայմանների: Հանրապետականներն իրենց հերթին պահանջում են առաջիկա տասնամյակի ընթացքում կրճատել պետական ծախսերը: ԱՄՆ նախագահը եւ դեմոկրատները դեմ են այս պահանջին:
ԱՄՆ Սենատում հանրապետականների առաջնորդ Միչ Մաքքոնելն իր հերթին հանդիպումից հետո լրագրողներին հայտնել է, որ դեֆոլտի չի դիմում, ԱՄՆ-ը երբեք չի հայտարարել իր պարտքերի դեֆոլտ եւ երբեք դա չի անի: Ներկայացուցիչների պալատի խոսնակ Քեւին Մաքքարթն էլ ցավով նշել է, որ հանդիպման ընթացքում պարտքի սահմանաչափի շուրջ բանակցային դիրքերում որեւէ նոր տեղաշարժ չի տեսել։ Կոնգրեսի առաջնորդները կշարունակեն բանավեճերը եւ ուրբաթ կրկին կհանդիպեն ԱՄՆ նախագահի հետ: