Ուկրաինայի տեղեկատվական տեխնոլոգիաների ասոցիացիայի գործադիր տնօրեն Կոնստանտին Վասյուկը «Економiчна правда»-ին տված հարցազրույցում հայտնել է, որ տեղեկատվական տեխնոլոգիաների (IT) ոլորտի մասնագետներ վերապատրաստվել ցանկացողների թիվը նվազման միտում է արձանագրում, քանի որ ոլորտի աշխատողների շուկան սկսում է վերածվել գործատուի շուկայի։ «Աշխատակիցների շուկայից ՏՏ-ն վերածվել է գործատուի շուկայի, ներկայում գործատուն է ընտրում, ուստի աշխատանքի են ընդունում լավագույններին, իսկ սկսնակների համար դա ամենադժվարն է: Այս միտումը կլինի երկարաժամկետ, եւ այն մարդկանց թիվը, որոնք ցանկանում են տեղափոխվել տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտ, զգալիորեն կնվազի»,- նշել է Կոնստանտին Վասյուկը։
Նա համոզմունք է հայտնել, որ չնայած դրան՝ ցանկալի է չընդհատել ուսումնական գործընթացը։ Քանի որ մնում է ազատ աշխատանքային ռեժիմով աշխատողների (ֆրիլանսի) շուկան, որտեղ որոշ մարդիկ կարող են աշխատանք գտնել: «Դժվար է, մրցակցությունը մեծացել է, բայց դեռ կրիտիկական չէ»,- հավելել է ասոցիացիայի գործադիր տնօրենը։
Նկատվում է նաեւ միտում, երբ թափուր աշխատատեղերի սակավության պատճառով տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում աշխատանք փնտրողների գրեթե կեսը (37%) պատրաստ է ընդունելու ցանկացած աշխատավարձ։ «Եթե աշխատավարձերի կրճատում լինի, դա անմիջապես կանդրադառնա ամբողջ շուկայի վրա: Առայժմ միջին եւ ավագ մասնագետների աշխատավարձերի մակարդակը պահպանվում է»,- ամփոփել է Վասյուկը: