Վրաստանի իշխանության տարբեր ճյուղեր տարբեր կերպ են արձագանքել Վրաստանի քաղաքացիների համար վիզային ռեժիմի եւ ավիահաղորդակցության արգելքը չեղարկող Ռուսաստանի քայլին: Եթե Վրաստանի արտգործնախարար Իլիա Դարչիաշվիլին ողջունել է Ռուսաստանի նախագահի որոշումը, Վրաստանի նախագահն ու ընդդիմությունը, ճիշտ հակառակը, բացասական են արձագանքել: Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, մասնավորապես, Պուտինի որոշումն անվանել է հերթական սադրանք եւ մեծ մարտահրավեր Վրաստանի կառավարությանը: «Ուղիղ ավիահաղորդակցության վերսկսումը եւ Վրաստանի հետ վիզային ռեժիմի չեղարկումն անընդունելի են, քանի դեռ Ռուսաստանը շարունակում է ագրեսիան Ուկրաինայում եւ բռնակցում է մեր տարածքը»,- թվիթերյան իր գրառման մեջ նշել է Զուրաբիշվիլին։ Վրաստանի նախագահը շեշտել է, որ պետության ավելի մեծ վերահսկողություն է անհրաժեշտ այն ռուսների նկատմամբ, ովքեր մտնում եւ մնում են երկրում։ Ըստ նրա՝ Վրաստանում չպետք է բացվեն ռուսալեզու մանկապարտեզներ, որտեղ վրացերեն չի դասավանդվում։ Սալոմե Զուրաբիշվիլին հավելել է, որ անհրաժեշտ է որոշակի պահանջներ սահմանել տարբեր ոլորտներում, ներառյալ տաքսու վարորդների, զբոսավարների եւ այլն։
Ընդդիմությունն իր հերթին հայտարարել է, որ Պուտինն այդ որոշումով պարգեւատրում է իշխող «Վրացական երազանք» կուսակցությանն իր հակաարեւմտյան քաղաքականության համար: Ընդդիմությունը որոշումը համարել է Վրաստանի դեմ հիբրիդային պատերազմի եւս մեկ տարր եւ համոզված է, որ այն կխանգարի Վրաստանին ստանալու ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ:
Վրաստանի փորձագիտական շրջանակները եւս ակտիվորեն քննարկում են ՌԴ նախագահ Պուտինի հրամանագրերը՝ իշխանություններին հորդորելով «կուլ չտալ խայծը»։ «Ալիք Մեդիա Վրաստան»-ի հետ զրույցում Վրաց-եվրոպական ինստիտուտի (EGI) նախագահ, քաղաքագետ Գիորգի Մելաշվիլին ասում է, որ Կրեմլի թռիչքների վերսկսումը եւ վիզային ռեժիմի չեղարկումը Վրաստանի դեմ հիբրիդային պատերազմի եւս մեկ տարր է։ Ըստ Մելաշվիլիի՝ եթե Վրաստանի կառավարությունն այս պահին խելամիտ դատողություն չցուցաբերի, ակնհայտորեն կխոչընդոտի Վրաստանի եվրաինտեգրումը, իսկ դրա դիմաց կուժեղացնի ռուսական ազդեցությունը: Քաղաքական վերլուծաբան Գիա Խուխաշվիլին սոցցանցում Ռուսաստանի կողմից Վրաստանի քաղաքացիների համար վիզային ռեժիմի չեղարկումը որակում է «հետխորհրդային երկրին փափուկ ուժով իր ուղեծիր վերադարձնելու հաջող օրինակ»։