ԱՄՆ Սենատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովը հայտարարություն է տարածել, ըստ որի՝ մինչ Վաշինգտոնը ճնշում է գործադրում Բաքվի վրա Լաչինի միջանցքը բացելու հարցում, Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ անհրաժեշտ է պատժամիջոցներ կիրառել:
«Բաքվի կողմից Լեռնային Ղարաբաղի շրջափակումից 150 օր անց ակնհայտ է, որ Ալիեւը հումանիտար ճգնաժամ է ստեղծում եւ անջատում կարեւոր ենթակառուցվածքների էլեկտրաէներգիան»,- նշված է հանձնաժողովի թվիթերյան գրառման մեջ:
Սենատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի՝ գրառմանը կցված հաղորդագրությունում նշված է, որ արդեն 5 ամիս Լեռնային Ղարաբաղը գտնվում է շրջափակման մեջ, գազի եւ էլեկտրաէներգիայի անջատումները շարունակվում են, իսկ տարածաշրջանի ամենամեծ ջրամբարի պաշարները սպառման եզրին են, ինչը սպառնում է տարածաշրջանը թողնել առանց հիդրոէլեկտրակայանի: