Մարդու իրավունքների եվրոպական դատարանը մայիսի 9-ին մերժել է վերջերս Հայաստանի Հանրապետության սահմանը ապօրինաբար հատած Ադրբեջանի երկու քաղաքացիների իրավունքների պաշտպանության համար ՀՀ Կառավարության դեմ Եվրոպական դատարանի 39-րդ կանոնով սահմանված միջանկյալ միջոց կիրառելու մասին ադրբեջանցի զինծառայողների հարազատների պահանջը։ Եվրոպական դատարանից պահանջվել էր կիրառել միջանկյալ միջոց այն հիմնավորմամբ, որ Հայաստանի Հանրապետությունում ադրբեջանցի երկու զինծառայողների նկատմամբ դրսեւորվում է կյանքի իրավունքին եւ խոշտանգումներից զերծ մնալու պարտավորությանը հակասող վերաբերմունք։
Ըստ Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի տարածած հաղորդագրության՝ ՀՀ Կառավարությունը Եվրոպական դատարան է ներկայացրել պատշաճ դիրքորոշում այն մասին, որ ադրբեջանցի զինծառայողների կոնվենցիոն իրավունքները պատշաճ երաշխավորվել են Հայաստանի Հանրապետությունում։ Այս առնչությամբ Եվրոպական դատարան են ներկայացվել նաեւ համապատասխան ապացույցներ։ Եվրոպական դատարանը, հիմնվելով ՀՀ Կառավարության դիրքորոշման վրա, մերժել է Հայաստանի Հանրապետության դեմ միջանկյալ միջոց կիրառելու մասին ադրբեջանցի զինծառայողների հարազատների ներկայացրած պահանջը։