ՀՀ պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ մայիսի 12-ին՝ 10:00-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ-ն Սոթքի ուղղությամբ խախտել է հրադադարը՝ կիրառելով ԱԹՍ: Վնասվածք են ստացել ՀՀ ԶՈՒ 2 զինծառայող: Զինծառայողներից մեկի վիճակը գնահատվում է բավարար, մյուսինը՝ ծանր: 10:30-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է:
Ավելի վաղ՝ մայիսի 11-ին՝ 06:00-ից սկսած, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրետանային եւ ականանետային միջոցներից կրակ են բացել Սոթքի մոտ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, որի հետեւանքով վիրավորվել են ՀՀ ԶՈՒ 4 զինծառայող: Նույն օրը՝ արդեն 18:25-ի սահմաններում, հակառակորդը խախտել է հրադադարը՝ կիրառելով հրետանային միջոցներ նախ Գեղարքունիքի մարզի Նորաբակ գյուղի, իսկ 19:50-ին նաեւ՝ Վերին Շորժայի ուղղությամբ: Նախորդ երկու դեպքերում հայկական կողմը կորուստներ եւ վիրավորներ չի ունեցել: