Ամերիկացի ձեռնարկատեր եւ Tesla ընկերության եւ Twitter-ի սեփականատեր Իլոն Մասկը հայտնել է, որ գտել է Twitter-ը հիանալի գլխավորելու ունակ մարդուն, որն աշխատանքի կանցնի վեց շաբաթից: Մասկը ապագա տնօրենի անունը չի նշել, սակայն հայտնել է, որ Twitter-ի ղեկավարը կին է լինելու: Ավելլի ուշ հայտնի է դարձել, որ Twitter-ի՝ Մասկի նախընտրած ղեկավարն է լինելու NBCUniversal-ի թոփ-մենեջեր Լինդա Յակքարինոն: Նախկին գլխավոր տնօրեն Պարագ Ագրավալը եւ ֆինանսական տնօրեն Նեդ Սիգալը լքել էին ընկերությունը դեռ նախորդ տարվա հոկտեմբերի վերջին:
Ըստ բրիտանական BBC-ի՝ Մասկի այս հայտարարությունից հետո Tesla-ի բաժնետոմսերի գինն աճել է: Բաժնետերերը ավելի վաղ Իլոն Մասկին մեղադրում էին, որ Twitter-ի ձեռքբերումից հետո լքել է Tesla-ն՝ վնաս հասցնելով ընկերությանը: Դեռ տարվա սկզբին Մասկը Twitter-ում քվեարկություն էր անցկացրել. հարգելով գործադիր տնօրենի պաշտոնից հրաժարվելու օգտին քվեարկած սոցցանցի օգտատերերի դիրքորոշումը՝ նա որոշել էր լքել այդ պաշտոնը: Մասկը արդեն ստանձնելու է Twitter-ի նախագահի եւ տեխնոլոգիաների գծով գլխավոր տնօրենի պաշտոնը:
2006-ին հիմնված Twitter ընկերության հիմնական արտադրանքը սոցիալական ցանցն է՝ համառոտ հաղորդագրությունների փոխանակման համար: Ընկերության կենտրոնակայանը ԱՄՆ-ի Կալիֆոռնիայի նահանգի Սան Ֆրանցիսկո քաղաքում է: Իլոն Մասկը ընկերությունը ձեռք է բերել 2022-ի հոկտեմբերի վերջին 44 միլիարդ դոլարով: