Համեմատական իրավունքի կենտրոնի ղեկավար Սիրանուշ Սահակյանը, ներկայացնելով Իրավունքի եւ արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամի տնօրեն Արման Թաթոյանի հետ համատեղ ստեղծած զեկույցը, հայտարարել է, որ Հայաստանի եւ Արցախի սահմանամերձ հատվածներում մոտ 6000 ադրբեջանցի հատուկջոկատային է տեղակայված։ Սահակյանը նշել է, որ «Կոմանդո» ստորաբաժանումը տեղակայված է Հադրութում եւ Քարվաճառում։ «Այս պահին 5 միավոր կա, սակայն դրանցից 3-ի գտնվելու վայրը գաղտնի է պահվում։ Նրանց ղեկավար անձնակազմի հարցազրույցներում որպես նպատակ արձանագրվել է Ադրբեջանի տարածքում գործող ոչ կանոնավոր զինվորական միավորումների դեմ պայքարը, որի տակ նրանք հասկանում են Արցախի պաշտպանության բանակը»,– նշել է իրավապաշպանը։ Իրավապաշպանի համոզմամբ՝ ադրբեջանցի հատուկջոկատայինների առջեւ խնդիր է դրված ոչնչացնելու Արցախի զորամիավորումները։
ՀՀ իշխանությունների մոտեցումն արդարացված չէ
Անդրադառնալով Ադրբեջանում պահվող հայ գերիների թվին՝ Սիրանուշ Սահակյանը նշել է, որ հայ եւ միջազգային իրավապաշտպանները, Հայաստանի քննչական մարմինները արձանագրել եւ բացահայտել են գերեվարման ավելի մեծաքանակ դեպքեր, քան հայտարարել է Բաքուն։ ՀՀ իշխանությունների տվյալներով՝ ադրբեջանական գերության մեջ 33 հայ զինծառայող եւ քաղաքացիական անձ կա։ Բաքուն էլ հաստատում է 33 անձի գերի լինելու փաստը։ Սահակյանը նշել է, որ ՀՀ իշխանությունների մոտեցումն արդարացված չէ: Իրավապաշտպանի խորին համոզմամբ՝ Հայաստանի իշխանությունների համար ավելի հեշտ է փոխհարաբերվել Ադրբեջանի եւ Թուրքիայի իշխանությունների հետ, եթե խոսեն նրանց պաշտոնական թվերով։
«Այսինքն` հայկական կողմից բացահայտումները եւ տվյալներն անտեսում են, ու այստեղ միասնականություն կա Ադրբեջանի ներկայացրած թվերի առնչությամբ»,– շեշտել է Սիրանուշ Սահակյանը։ Նրա կարծիքով` հայկական կողմը պետք է առաջ տանի իր տվյալներն ու աղբյուրները, ոչ այն թվերը, որոնք հնչեցնում է Ադրբեջանը։ «Մենք 80 դեպքի մասով տվյալներ ենք փոխանցել միջազգային կազմակերպություններին, եւ դա օդից վերցրած թիվ չէ։ Կա հստակ նկարագրություն, յուրաքանչյուր դեպքի վերաբերյալ էլ ապացույցներ են առկա»,– ընդգծել է իրավապաշտպանը։