ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը որոշել է Հայաստանի տարածքից սիգի ձկնկիթի արտահանման արգելք սահմանել: Արձանագրվել է, որ Հայաստանում դեռեւս չկա այնպիսի վայրի ձկնատեսակ, որի ձկնկիթն ունենա արտադրական նշանակություն, քանի որ դեռ անհրաժեշտ է ձկնատեսակի ծավալների շարունակական ավելացում։
Որոշման համար հաշվի են առնվել վերջին տասնամյակներին լճի վրա մարդածին մեծ բացասական ազդեցությունն ու կենսառեսուրսների նկատմամբ ձեւավորված սպառողական վերաբերմունքը, ինչպես նաև պայմանավորված բարձր արժեք ունեցող վայրի ձկնատեսակի պահպանությունն ու բնականոն վերարտադրությունը կազմակերպելու անհրաժեշտությամբ:
Տեղեկանք
Սեւանա լճում սիգի արդյունագործական որսի կանոնակարգման գործընթացի շնորհիվ վերջին տարիներին Սեւանա լճում նկատվում է սիգի կենսազանգվածի աճ. 2019-ին՝ 2668 տոննա, 2020-ին՝ 2345 տոննա, 2021-ին՝ 5348 տոննա: Դա հնարավորություն է տալիս ապահովել Սեւանա լճում փոքր քանակությամբ ձկան արդյունագործական որս. 2020-ին՝ 300 տոննա, 2021-ին՝ 300 տոննա, 2022-ին՝ 600 տոննա: Սակայն վերջին տարիների սիգի կենսազանգվածի աճի միտումը դեռեւս չի ապահովում վայրի ձկնատեսակի բնականոն աճն ու օպտիմալ թվաքանակը լճում. որոշ գիտական տվյալներով՝ մինչեւ 10 հազար տոննա ընդհանուր պաշար, արդյունագործական որսը՝ շուրջ 2000 տոննա եւ ավելի։