Թուրքիայի նախագահի միակ ընդդիմադիր թեկնածու, Ժողովրդահանրապետական կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն Ռուսաստանին կոչ է արել չմիջամտելու մայիսի 14-ին հանրապետությունում կայանալիք նախագահական եւ խորհրդարանական ընտրություններին։ «Հարգելի՛ ռուս բարեկամներ, եթե ցանկանում եք, որ մեր բարեկամությունը շարունակվի մայիսի 15-ից հետո, ձեռքներդ հեռո՛ւ պահեք թուրքական պետությունից։ Նախկինի պես կողմնակից ենք Ռուսաստանի հետ համագործակցությանն ու բարեկամությանը»,- թվիթերյան ռուսերեն իր գրառման մեջ նշել է Քըլըչդարօղլուն: Միաժամանակ նա պնդել է, որ ՌԴ-ն կանգնած է Թուրքիայում նախկինում բացահայտված որոշ մոնտաժների, դավադրությունների եւ ձայնագրությունների հետեւում։
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ի պատասխան նշել է, որ Թուրքիայի նախագահական ընտրություններին ռուսական միջամտության մասին խոսք լինել չի կարող։ «Չգիտեմ՝ ո՛րն է նման կոչերի պատճառը։ Պնդում ենք, որ չենք միջամտում այլ պետությունների ներքին գործերին եւ ընտրական գործընթացներին»,- շեշտել է Կրեմլի խոսնակը: Նա նշել է, որ ՌԴ-ն շատ է կարեւորում Թուրքիայի հետ երկկողմ հարաբերությունները, եւ որ մինչեւ հիմա շատ պատասխանատու եւ ինքնիշխան դիրքորոշում է դրսեւորում մի շարք տարածաշրջանային եւ միջազգային խնդիրների հարցում։
Թուրքիայի քաղաքական շրջանակների աղբյուրը չի բացառել, որ Քըլըչդարօղլուի օգտահաշիվը կարող է կոտրված լինել։ Ըստ թուրքական Sözcü պարբերականի՝ Քըլըչդարօղլուի նախընտրական շտաբի ղեկավարը հաստատել է, որ ՌԴ կառավարության կողմից վերահսկվող ինչ-որ հաքերներ միջամտում են Թուրքիայում ընտրական գործընթացին: Ընդ որում, չի հստակեցվում, թե կոնկրետ ինչի մասին է խոսքը։ Ռուսաստանում այդ պնդումները նախկինում մերժվել են։ Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն էլ հերթական անգամ ԱՄՆ-ին մեղադրել է Թուրքիայում ընտրական գործընթացին միջամտելու համար։ «Հայրենիք» կուսակցության թեկնածու Մուհարեմ Ինջեի՝ ընտրարշավին մասնակցելուց հրաժարարվելն էլ նրանք համարում են Վաշինգտոնի միջամտությունը: