Ըստ The Washington Post պարբերականի՝ Լատինական Ամերիկայի երկրներից ռեկորդային թվով միգրանտներ են փորձել հատել ԱՄՆ-ի սահմանը, որտեղ ապօրինի հատումների թիվը գերազանցել է օրական 10 հազարը: Այս ցուցանիշն ամենաբարձր է դիտարկումների ամբողջ պատմության ընթացքում։ Ներգաղթյալների նման հոսքն առնչվում է ԱՄՆ նախկին նախագահ Թրամփի վարչակազմի օրոք՝ կորոնավիրուսի համավարակի առթիվ սահմանված արտակարգ դրության ռեժիմի՝ մայիսի 11-ից ավարտի հետ։
The Washington Post-ի տվյալներով՝ ընթացիկ շաբաթ սահմանի երկայնքով տեղակայված հաստատություններում նախատեսվածից 3 անգամ ավելի՝ 25 հազար ներգաղթյալ է կուտակվել: Ըստ Մեքսիկայի Սիուդադ Խուարես քաղաքում ապաստանի տնօրենի՝ միգրանտներից շատերին թվում է, թե համավարակի պատճառով արտակարգ ռեժիմի չեղարկումը նշանակում է՝ սահմանը կբացվի, եւ նրանք անարգել կհատեն այն, ինչն, ըստ պաշտոնյայի, իրականության խեղաթյուրված ընկալում է:
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակարգի ներկայացուցիչները, զգուշանալով հարավային սահմանով երկիր ժամանողների թվի անվերահսկելի աճից, սպառնացել են ավելացնել արտաքսումների թիվը: Նրանք հայտնել են, որ նոր սահմանափակումներ կկիրառեն սահմանը անօրինական կերպով հատած ապաստան հայցողների նկատմամբ: Իրենց ապաստանի իրավունքը ապացուցել չկարողացողներին սպառնում է ոչ միայն անհապաղ արտաքսում Միացյալ Նահանգներից Մեքսիկա կամ իրենց հայրենիք, այլ նաեւ հինգ տարի ժամկետով ԱՄՆ մուտքի արգելք: