«1918 թվականին, երբ երեւանցին ճողոպրել էր թուրքի ահից, արցախցին չասեց (բնագրում այդպես է- Վ․ Ա․)՝ Երեւանը տանք, հանգիստ ապրենք։ Եկավ, Սարդարապատում թուրքի ջարդը տվեց, փրկեց երեւանցու պատիվն էլ, հայի պատիվն էլ առհասարակ։ Հարյուր տարի անց երեւանցին (Հայաստանի հպարտ քաղաքացին) ասաց՝ Արցախը տանք, հանգիստ ապրենք։ Տվեց Արցախը․․․»,- գրում է ֆեյսբուքյան օգտատերը եւ «վաստակում» այս մեկնաբանությունը․ «Միշտ ուզում էի սրա մասին գրել, բայց որպես արցախցի ինձ իրավունք չէի վերապահում»։
Սարդարապատի ճակատամարտը, առհասարակ 1918-ի մայիսյան հայ-թուրքական պատերազմը հանգամանալի ուսումնասիրված է, ցանկացողը կգտնի նաեւ իրադարձությունների հանրամատչելի մեկնաբանությունը։ Ոչ մի աղբյուր չի փաստում, որ Սարդարապատում «արցախցին է փրկել երեւանցու պատիվն էլ, հայի պատիվն էլ առհասարակ»։
Որտեղի՞ց է ծնվել այս առասպելը։ Կարծում եմ՝ Բագրատ Ուլուբաբյանի «Սարդարապատ» վեպից, մուշկապատցի Արշակի կերպարից։ Եվ այն իրողությունից, որ ճակատամարտի մի թեւի հրամանատար Դանիել-բեկ Փիրումյանը ծնունդով արցախցի էր։
Քառասունչորսօրյա պատերազմից հետո մի երիտասարդ քաղաքագետ «տեսաբանեց», որ ունենք «երկու Հայաստան», հայի «լեռնական եւ դաշտաբնակ տեսակ»։ Առաջինը «մարտնչող է, երկրորդը՝ հարմարվողական»։ Դա այն ժամանակաշրջանն էր, երբ ընդդիմությունը խաղադրույք էր դրել Սյունիքում հակափաշինյանական ապստամբություն բարձրացնելու հեռանկարի վրա։ Գործնականում ոչինչ չստացվեց, բայց առասպելը, ինչպես գրեթե ամեն օր համոզվում ենք, խորքային առումով կա, «մետաստազներ է տալիս»։
«Հիմա համոզվեցի՞ք, որ Արցախը Հայաստանի վահանն էր»,- հարցադրումը ոչ միայն սոցիալական մեդիայում է տարածված, այլեւ Ստեփանակերտի պաշտոնական խոսույթում։ Իրականում, մինչդեռ, պաշտպանության բանակի տասը զինծառայողից միայն մեկն էր արցախցի։ Մյուսները զորակոչված էին Հայաստանից, հենց Երեւանից, Երեւանի կենտրոնից։ Բայց առասպելը, որ ղարաբաղյան առաջին պատերազմում արցախցիներն ազատագրում էին տարածքներ, մարտական հերթապահությունը հանձնում հայաստանցիներին, իսկ նրանք «մի քանի ժամից լքում էին դիրքերը», կար, ներշնչվում էր, տարածվում։
Արցախում մի սերունդ կյանք է մտել այդ առասպելի «օրորի» տակ։ Արցախում Հայաստանի առաջին նախագահի անունը տաբու էր, նրա մասին որեւէ դրական խոսք՝ գրեթե պաշտոնապես արգելված։ «Լեւոնականությունը» ծանր մեղադրանք էր։ Բավական է հիշել, թե Ստեփանակերտից իշխանության ներկայացուցիչների մակարդակով ինչ «կեղտ թափվեց» Ժիրայր Լիպարիտյանի գլխին, երբ նա քառասունչորսօրյա պատերազմից հետո քաջություն ունեցավ ասելու, որ Արցախի անկախության հարց այլեւս գոյություն չունի։
Երբ անցյալ աշնանը Ռուբեն Վարդանյանն Արցախում իրավիճակի եւ Սարդարապատի միջեւ զուգահեռ անցկացրեց, ոչ ոք տագնապի «զանգ չհնչեցրեց»։ Եվ «դիմանանք ու կհաղթենք» նարատիվը դարձավ գերիշխող։ Թեեւ հայտնի չէ, թե որն է «դիմանալու սահմանը», եւ որքան է տեւելու ճգնաժամը, հանգուցալուծման ինչ հնարավորություն է գոնե դիտարկվում։ «Մայիսը հաղթանակների ամիս է» քարոզչակաղապարին տուրք ենք տվել գրեթե բոլորս, բայց դա բոլորովին այլ ժամանակ էր։
2023-ի մայիսը 1992-ի հետ ոչ մի աղերս չունի։ Աշխարհն այն չէ։ Ապրել հարյուրամյա կամ նույնիսկ երեսնամյա վաղեմության «մատրիցայի կրկնության» հույսով նշանակում է իրականության հանդեպ «կույր» լինել։ Ի վերջո, 1918-ի մայիսյան պատերազմով Թուրքիան իր համար ռազմավարական նշանակության հարցը՝ տիրանալ Ալեքսանդրապոլ-Ջուլֆա եւ Ալեքսանդրապոլ-Թիֆլիս երկաթուղային գծերին, լուծել է։ Լուծել է Կովկասում թուրքական երկրորդ պետություն՝ Ադրբեջան, ստեղծելու աշխարհաքաղաքական գերխնդիրը։ Պատմությունը դաս է, երբ գնահատվում է խորքային իմաստով։
Պատմաբան, լրագրող, հրապարակախոս, քաղաքական գործիչ։ Հայաստանի Գերագույն Խորհրդի (1990-95) Արցախից ընտրված պատգամավոր, 2000-2015 թվականներին Արցախի Ազգային ժողովի երեք գումարումների պատգամավոր։ «Հոգեւոր Հայաստանը եւ արդիականությունը» գրքի հեղինակն է։