Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեկնաբանել է Թուրքիայում նախագահական ընտրություններին Ռուսաստանի միջամտության մասին ընդդիմադիր թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուի՝ նախօրեին արած հայտարարությունը: Նա նշել է, որ Թուրքիան եւ Ռուսաստանը տնտեսական եւ քաղաքական ամուր կապեր են հաստատել, ինչը ոչ պակաս կարեւոր է, քան ԱՄՆ-ի հետ հարաբերությունները:
«Պարոն Քեմալը խոստացել է նախագահ ընտրվելու դեպքում միանալ Արեւմուտքի սահմանած հակառուսական պատժամիջոցներին: Ո՞վ եք դուք, որ պատժամիջոցներ կիրառեք Ռուսաստանի նկատմամբ»,- հայտարարել է Էրդողանը: Անդրադառնալով Թուրքիան Չինաստանին կապող տրանսպորտային նախագիծը կյանքի կոչելու եւ Մետաքսի ճանապարհն ակտիվացնելու մասին Քըլըչդարօղլուի հայտարարությանը` Թուրքիայի նախագահը ներկայացրել է նաեւ իր մրցակցի նախագծի իրագործման քարտեզը, ըստ որի` նախատեսված ճանապարհն անցնում է Իրանով եւ շրջանցում այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը»: Ըստ Էրդողանի՝ Քըլըչդարօղլուն, անտեսելով Ադրբեջանը, ձգտում է վարկաբեկելու Թուրքիային: Թուրքիայի նախագահի կարծիքով թուրք ժողովուրդը չի ընդունի Բաքվի եւ Անկարայի եղբայրությանը վնասող որեւէ նախագիծ։