Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բրյուսելում ոչ պաշտոնական հանդիպում է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ: Զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանում հաստատված ռազմաքաղաքական եւ հումանիտար իրադրության շուրջ: Քննարկվել են Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետեւանքով ԼՂ-ում ստեղծված հումանիտար ճգնաժամին, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորմանը վերաբերող հարցեր:
Կողմերն անդրադարձել են մայիսի 14-ին նախատեսված ՀՀ վարչապետի, Եվրոպական խորհրդի նախագահի եւ Ադրբեջանի նախագահի եռակողմ հանդիպմանը եւ ընդգծել հունիսի 1-ին Քիշնեւում՝ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի եւ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի մասնակցությամբ հնգակողմ հանդիպում անցկացնելու կարեւորությունը:
Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ Բրյուսելում եռակողմ հանդիպումից առաջ առանձնազրույց է ունեցել նաեւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը: Նրանք քննարկել են տարածաշրջանային հարցեր, մտքեր փոխանակել նաեւ առաջիկա եռակողմ հանդիպման օրակարգային հարցերի շուրջ: