Թուրքիայում մայիսի 14-ին անցկացված նախագահական եւ խորհրդարանական (600 տեղ) ընտրություններում նախագահի թեկնածուների վերջնական ցուցակում ընդգրկվել են գործող նախագահ 69-ամյա Ռեջեփ Թայիփ Էրդողանը` որպես «Հանրապետական դաշինքի» միասնական թեկնածու, 74-ամյա Քեմալ Քըլըչդարօղլուն՝ ընդդիմադիր «Ժողովրդական դաշինքի» միասնական թեկնածու, եւ 55-ամյա թեկնածու Սինան Օհանը՝ Ata դաշինքի թեկնածու:
Նախնական տվյալներով՝ գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը չի կարողացել հաղթահարել ընտրական 50%-ի շեմը։ Ըստ թուրքական Cumhuriyet պարբերականի՝ ձայների 94,04%-ի հաշվարկով Էրդողանը ստացել է քվեների 49,83%-ը (24 միլիոն 588 հազար 314 ձայն), ինչը ենթադրում է, որ մայիսի 28-ին տեղի կունենա նախագահի ընտրությունների երկրորդ փուլը։ Էրդողանի գլխավոր մրցակից Քեմալ Քըլըչդարօղլուն ստացել է ձայների 44,40%-ը (21 միլիոն 911 հազար 658 ձայն)։
Բարձրագույն ընտրական հանձնաժողովի տվյալներով` 81 նահանգում տեղադրվել է ավելի քան 191 հազար քվեատուփ: Երկրում քվեարկելու իրավունք ունի 60 միլիոն 721 հազար 475 քաղաքացի, որոնց մեծամասնությունը՝ ավելի քան 30,7 միլիոնը, կանայք են: Արտասահմանյան տեղամասերում իրենց ընտրությունը դեռեւս ապրիլի 27-ից մայիսի 9-ը կատարել են ավելի քան 1,8 միլիոն Թուրքիայի քաղաքացիներ:
Ստամբուլից «Արմենպրես»-ի թղթակիցը հայտնել է, որ Էրդողանը Քըլըչդարօղլուին պարտվել է այնպիսի խոշոր քաղաքներում, ինչպիսիք են Ստամբուլը, Անկարան, Իզմիրը, Անթալիան, ինչպես նաեւ երկրի արեւելյան՝ քրդաբնակ շրջաններում՝ Վանում, Դիարբեքիրում, Կարսում, Իգդիրում, Մուշում եւ այլն։ Էրդողանի գլխավորած «Ժողովրդական դաշինքը» խորհրդարանական ընտրություններում հավաքել է 50,32%, իսկ Քըլըչդարօղլուի ղեկավարած «Ազգային դաշինքը»՝ 34,65% ձայն։
Թարմացում
Ըստ TRT Haber պետական հեռուստաալիքի՝ Թուրքիայի նախագահական ընտրություններում քվեաթերթիկների 99,9%-ի մշակումից հետո Քեմալ Քըլըչդարօղլուի օգտին ձայների թիվը հասել է 44,99%-ի: Նրա մրցակիցը ՝ գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ստացել է ձայների 49,34%-ը։