2022 թվականի սեպտեմբերի 2-ին Արցախի անկախության օրվա առթիվ ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Ստեփանակերտում էր։ Օրվա ավարտին, առանց հիմնական միջոցառմանը մասնակցելու եւ Ղարաբաղի քաղաքական էլիտայի կողքը լինելու, ֆեյսբուքյան գրառմամբ հանդես եկավ՝ հայտնելով, թե այցելել է Ստեփանակերտի եղբայրական հուշահամալիր-պանթեոն եւ ծաղիկներ դրել:
Առաջին հայացքից արարքն ավելի քան «ազնիվ», «կարեկցող» ու «հայրենասիրական էր»։ Փաշինյանի թիմի միակ «արցախցի» Արմեն Գրիգորյանը, որը նախապատերազմյան «Աղդամը մեր հայրենիքն է» գովազդային արշավի շրջանակում Շուշիում էր իր հարսանիքն արել, գնացել է հետպատերազմյան Ստեփանակերտ եւ ծաղիկ դրել Արցախի անկախության օրվա առթիվ։
Բայց այս ամենը միայն առաջին հայացքից։ Մարդը կենդանուց հիշողությամբ է տարբերվում։ Ուրեմն հիշենք, որ Արմեն Գրիգորյանն էր այն պաշտոնյան, որ բանակցում էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի արտաքին հարցերով գլխավոր բանակցող ու պատվիրակ Հիքմեթ Հաջիեւի հետ։ Այսինքն՝ ստացվում էր, որ Արմեն Գրիգորյանն ինքն իր քայլով ու ձեռքով զրոյացնում էր Գրիգորյան-Հաջիեւ ֆորմատի նշմարելի առավելությունները, եւ դա այդպես էլ եղավ։
Այս քայլը ոչ այլ ինչ էր, քան Սերժ Սարգսյանի տարիներ տեւած «երկերեսանի»՝ ներսում հերոս, դրսում հողատու քաղաքականության շարունակությունը։ Սարգսյանի իշխանությունը դրսում բանակցում էր «հողերի հանձնում», իսկ ներսում խոսում Արցախի անկախությունից, ազատագրած «հայրենիքից», կիլդիմներ էր նկարում ու տարատեսակ հեռուստատեսային բերաններով հայտարարում, որ Արցախի հարցը որոշված է, եւ դա որոշվել է արյունով, իսկ արյունով գրավածը չեն տալիս։
Հիմա նույնն էլ, փաստորեն, անում է Փաշինյանը. միամիտ չլինենք կարծելու, թե Արմեն Գրիգորյանը ինքնագլուխ կարող էր որոշել գնալ Ստեփանակերտ եւ ծաղիկներ դնել Արցախի անկախության օրվա առթիվ։ Ադրբեջանի պատասխանը ստացվեց երկու շաբաթ անց՝ սեպտեմբերի 13-14-ի Ջերմուկյան ագրեսիայով, նոր տարածքների կորստով, նոր բարձունքների գրավման եւ Ջերմուկ քաղաքի վրա դամոկլյան սրի կախմամբ։
Մյուսն արդեն օրերս էր։
Երեւանում կանգնեցվել է ՀՅԴ «Նեմեսիս» վրիժառության օպերացիայի հուշարձանը։ (Եվ կրկին պատասխանը երկար սպասեցնել չտվեց՝ Սոթքի ագրեսիայի տեսքով)։ Կանգնեցվեց այն ժամանակ, երբ ընթանում են Հայաստան-Թուրքիա բանակցությունները, երբ խոսվում է հարաբերությունների կարգավորման եւ «Մարգարա» անցակետի բացման մասին։ Եվ, սպասելիորեն, նախ Թուրքիայի ԱԳՆ-ն բողոքի նոտա հղեց, ապա, երբ Ալիեւը մի քանի օր անց Թուրքիայի նախագահ Էրդողանի հրավերով մեկնեց Անկարա եւ որպես վարորդ շրջեց նրա հետ, հաջորդ օրը փակեց ՀՀ օդային սահմանը։
ՀՀ իշխանությունների հայտարարությունները, թե իրենք տեղյակ չեն եղել, եւ դա համայնքային իշխանությունների տիրույթում իրացված որոշում էր (ձեռքի հետ էլ հայհոյելով ժողովրդավարությունը, թե այն կատարյալ չէ), էլ ավելի գրգռեց Թուրքիայի ախորժակը, որն այս անգամ արդեն ԱԳ նախարար Չավուշօղլու շուրթերով սպառնաց նորանոր պատժամիջոցներով ու պահանջեց ապամոնտաժել հուշարձանը։ Սրանով էլ կարելի է փակման եզրին հասցնել մեկ այլ՝ Ռուբինյան-Քըլըչ բանակցային ֆորմատը։
Հարկավ, բանականության ամենացածր նշույլն անգամ պետք է հուշեր, որ հայ-թուրքական բանակցությունների ընթացքում «Նեմեսիս» հուշարձան բացելը ուղղակիորեն կտորպեդահարի գործընթացը։ Ավելին՝ այդ բանականության նշույլը կար, որովհետեւ Թուրքիայի ԱԳՆ նոտայից օրեր անց իշխանության պրավդան՝ «Հայկական ժամանակը», հոդված հրապարակեց հետեւյալ վերտառությամբ՝ «Երեւանի սրտում տեղադրված «Նեմեսիս»-ը ջղաձգել է Թուրքիային ու լռեցրել «ռոբասերժական» ընդդիմությանը»՝ ուղղակիորեն հայտարարելով, որ «Հուշակոթողի բացումը, նկատենք, կարեւոր է դիտարկել ոչ միայն արտաքին, այլ նաեւ ներքաղաքական զարգացումների համատեքստում՝ հաշվի առնելով քաղաքական հայտնի դերակատարների կողմից իշխանության գլխին թափվող մեղադրանքների տարափը՝ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գինը «Հայոց ցեղասպանության ուրացումն է», «1915 թվականի անմեղ զոհերի հիշատակի անարգումը» պնդմամբ։
Ասել է թե, այդ քայլը լավ էլ գիտակցված, կշռադատված եւ առավելապես ներքին լսարանին ուղղված ականջահաճո եւ քվեահաճո միջոցառում էր՝ միաժամանակ թքած ունենալով արտաքին հնարավոր խնդիրների վրա։ Դե, դա էլ հարց չէ, միանգամից կմիացվեն հեռուստատեսային քիլլերները եւ կսկսեն խոսել, թե «թուրքը մնում է թուրք», «մեր պատվի հարցն է», մենք «սուվերեն ենք», «ինչ կուզենք, կանենք մեր երկրում»։
Ընդհանրապես, եթե նպատակդ խաղաղությունը չէ, առնվազն խաղաղության գործընթացի քո հասանելիք քայլերի ու քո ուժերի ներածին չափով քայլերի իրացումը չէ, վերոնշյալ արարքները լավագույն կրկնություն են՝ «Սերժ Սարգսյանիզմ 2.0»։
Սերժսարգսյանիզմ, երբ դրսում խոսվում է բանակցությունից ու կարգավորումից, իսկ ներսում բուծվում ու պարարտացվում են տարատեսակ ֆիդայակույտեր, ոչ մի թիզեր, հավերժ թուրքեր, նոր պատերազմ-նոր տարածքներ ու նման պատուհաս խմբեր/նարատիվներ, որոնք, բնականաբար, միայն ճառ ասող են, գինը կրկին վճարելու է «խեղճ ու կրակ ժողովուրդը»։
Այդ քայլերով ոչ միայն խաղաղությունը չի մոտենում, այլեւ գնալով ավելի ու ավելի է մշուշվում նույնիսկ չնչին հնարավորությունը հարաբերությունների ջերմացման։ Եվ հարցն ամենեւին Թուրքիայի մտադրությունը չէ, թե իսկապես Թուրքիան ուզում է խաղաղություն ու սահմանների բացում։ Հարցը մեր անելիքն է, այն քայլերը, որ մեր տիրույթում են, այն որոշումները, որոնց տերն ու պատասխանատուն մենք ենք։ Բայց երբ գալիս է վճարելու պահը, գալիս է որոշման պատասխանատվության պահը, հիշում ենք, որ «թուրքը թուրք է մնում» եւ խաղաղություն չի ուզում։ «Դե որ իրենց պետք չի, ուրեմն մեզ էլ պետք չի»՝ ի վերջո եզրահանգում են տկարամիտները, կարծես թե Թուրքիան է, որ գիշերները չի քնում ու մտածում է սահման բացելու մասին, կամ Թուրքիան է շրջափակված սահմաններով իր երիտասարդ սերունդը կորցնում՝ ընկղմվելով դեմոգրաֆիական փոսի մեջ։
Պարզվում է՝ այդ հարաբերությունները մեզ պետք են, եթե Թուրքիան ազնիվ, անկեղծ ու անպահանջ լինի։ Իսկ իրականում մենք մեզ շարունակում ենք պահել զոհի պես, զոհի հոգեբանությամբ առաջնորդվել ու նայել աշխարհին անմեղ բայց, ցավոք, հիմար ու անիմաստ զոհի, որովհետեւ զոհ լինելը ինքնանպատակ չէ, զոհ լինելն էլ է պահանջում իմաստ ու քայլեր։
Մասնագիտությումբ պատմագետ եմ։ Տարիներ ի վեր ուսումնասիրում եմ հայկական մեդիան եւ քաղաքական դաշտը։ Գրում եմ պատմության, քաղաքականության, մշակույթի, գաղափարների ու մարդկանց մասին։ Չեմ հավատում փրկիչներին։