Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինն անդրադառնալով Փաշինյանի, Ալիեւի եւ Միշելի բրյուսելյան բանակցությունների արդյունքներին, Հայաստանին եւ Ադրբեջանին կոչ է արել փոխադարձաբար հետ քաշել զորքերը սահմանի երկայնքով:
«Հասկանում ենք, որ չափազանց կարեւոր է համաձայնության գալ։ Հույս ունենք՝ երկու կողմերն էլ իրենց զորքերը դուրս կբերեն եւ կանցնեն սահմանազատման եւ սահմանագծման գործընթացի»,- նշել է Վիկտորինը։
Դեսպանը նշել է, որ Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների եւ անվտանգության հարցը բարձրացվել է: «Նախկինում մի քանի անգամ ընդգծվել է, որ դա Ստեփանակերտի եւ պաշտոնական Բաքվի միջեւ ուղիղ քննարկման առարկա է: Ոչ միայն այս հանդիպման ընթացքում, այլ նաեւ նախագահ Միշելի մամուլի հաղորդագրության մեջ նշվել է, որ ԼՂ հայ բնակչության իրավունքներն ու անվտանգությունը պետք է երաշխավորվեն»,-շեշտել է դեսպանը:
Վիկտորինի կարծիքով՝ դա նույնպես ենթադրում է առաջիկայում լրացուցիչ քայլեր: «Որոշակի առումով ինչ-որ միջազգային մեխանիզմի անհրաժեշտություն կա, բայց պետք է աշխատենք այն ձեւավորելու ուղղությամբ եւ բոլոր կողմերի հետ համաձայնեցնենք»,-նշել է ԵՄ դեսպանը: