Ռուսական ավիաընկերությունները դիմել են Վրաստանի էկոնոմիկայի նախարարության Քաղաքացիական ավիացիայի գործակալությանը՝ դեպի հանրապետություն օդային հաղորդակցություն վերսկսելու խնդրանքով։ Թե Ռուսաստանի Դաշնության հատկապես ո՛ր ավիաընկերություններն են դիմել Վրաստանի իշխանություններին, չի հստակեցվում։
Ըստ «Ալիք Մեդիա Վրաստան»-ի՝ թռիչքների մեկնարկի յուրաքանչյուր դիմումի վերաբերյալ որոշում կընդունվի այս կամ այն ավիաընկերության գործունեության, միջազգային պատժամիջոցներին առնչվող նրանց կարգավիճակի մանրամասն ուսումնասիրությունից հետո։ Քաղաքացիական ավիացիայի գործակալությունը մանրամասնորեն կուսումնասիրի նաեւ ավիաընկերությունների օդային նավատորմը։ Գերատեսչությունում հավելել են, որ միաժամանակ Քաղաքացիական ավիացիայի գործակալությունը խորհրդակցություններ է անցկացնում միջազգային պատժամիջոցները պահպանող երկրների հետ, բայց միեւնույն ժամանակ ՌԴ-ի հետ ուղիղ ավիահաղորդակցությունը պահպանող երկրների հետ։
Վրաստանի օդանավակայանների միությունն էլ պարզաբանել է, որ ՌԴ-Վրաստան չվերթերը կիրագործեն միայն պատժամիջոցների չենթարկված ռուսական ավիաընկերությունները։ Վրաստանի բոլոր երեք՝ Թբիլիսիի, Քութայիսի եւ Բաթումի միջազգային օդանավակայաններից թռիչքներ կկատարեն միայն այն ավիաընկերությունները, որոնք պատժամիջոցների ցուցակում չեն: