Արցախի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել Բրյուսելում մայիսի 14-ի եռակողմ հանդիպման արդյունքներով Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի արած արտահայտությունների կապակցությամբ։ Հայտարարության մեջ նշվում է, որ Եվրամիության ղեկավարությունը շարունակում է անտեսել Արցախի ժողովրդի օրինական իրավունքներն ու շահերը եւ առաջնորդվում է միայն տարածաշրջանում ունեցած սեփական աշխարհաքաղաքական եւ կարճաժամկետ շահերով՝ ի վնաս Եվրամիության հռչակած ժողովրդավարության եւ մարդու իրավունքների արժեքների։
ԵԽ նախագահը ոչ միայն չի խոչընդոտում, այլեւ փաստացի խրախուսում է Ադրբեջանին
Նշվում է, որ Եվրոպական խորհրդի նախագահի հայտարարությունում բացակայում է որեւէ հիշատակում Լաչինի միջանցքի` արդեն ավելի քան 5 ամիս շարունակվող արգելափակման, միջանցքի մուտքի մոտ ադրբեջանական ապօրինի անցակետի տեղադրման եւ Արցախի 120 հազար բնակչության փաստացի պաշարման մասին՝ դրանից բխող բոլոր հումանիտար հետեւանքներով։ «Այս փաստը ցույց է տալիս, որ Եվրոպական խորհրդի նախագահը ոչ միայն չի խոչընդոտում, այլեւ փաստացի խրախուսում է Ադրբեջանին Արցախի ժողովրդի տառապանքներն օգտագործել որպես քաղաքական գործիք»,– ասված է հայտարարության մեջ։ Ընդգծվում է, որ տարակուսանք է առաջացնում այն, որ Եվրոպական խորհրդի նախագահը ցուցադրաբար անտեսում է Ադրբեջանի կողմից ՄԱԿ-ի բարձրագույն դատական մարմնի իրավաբանորեն պարտադիր վճռի հետեւողական չիրականացումը, ինչպես նաեւ միջազգային իրավունքի նորմերի, մասնավորապես ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման եւ վեճերի խաղաղ կարգավորման սկզբունքների համակարգված խախտումները։
Արցախը բաց է ողջամիտ առաջարկների քննարկման համար
Հայտարարության մեջ հիշեցվում է, որ 1991-ին Արցախի ժողովուրդը, միջազգային իրավունքի նորմերին եւ այն ժամանակ գործող ներպետական օրենսդրությանը լիովին համապատասխան, իրացրել է ինքնորոշման իր անքակտելի իրավունքը եւ ստեղծել իր պետականությունը նույն հիմքերի վրա, ինչ Ադրբեջանը եւ Հայաստանը: «Առանձին երկրների եւ միջազգային կազմակերպությունների որեւէ ներկայացուցիչ իրավունք չունի տնօրինել Արցախի ժողովրդի ճակատագիրը։ Ավելին, ուժի ապօրինի կիրառման եւ շարունակվող տեռորի օրինականացման վրա հիմնված օրակարգն Արցախի ժողովրդին պարտադրելու ցանկացած փորձ հավասարազոր է մեղսակցության Արցախի էթնիկ զտմանն ու տարածաշրջանում լարվածության մշտական օջախի պահպանմանն ուղղված` Ադրբեջանի հանցավոր ծրագրերի իրականացմանը»,– նշված է ԱԳՆ հաղորդագրությունում։
Արցախի ԱԳՆ-ն հայտարարության մեջ ընդգծել է, որ Արցախը բաց է հակամարտության բոլոր բաղադրիչների եւ խաղաղ կարգավորմանն ուղղված ողջամիտ առաջարկների քննարկման համար։