Թուրքիայի 27-րդ գումարման խորհրդարանի հայ պատգամավոր Գարո Փայլանը «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է, որ մայիսի 14-ի ընտրություններում խորհրդարանական մեծամասնություն ստացած եւ ազգայնականների ու ծայրահեղականների հետ դաշինք կազմած Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հաղթանակից հետո Թուրքիան առաջիկայում ավելի ազգայնական կդառնա, իսկ ազգայնական Թուրքիան, ըստ Փայլանի, ավելի մեծ դժվարությամբ է հարաբերությունները կարգավորելու Հայաստանի հետ։
Պոլսահայ պատգամավորի խորին համոզմամբ՝ միայն ժողովրդավար երկիրը կարող է լուծել իր խնդիրները հարեւանների հետ, ուստի կարեւոր է, որ Թուրքիայում ժողովրդավարությունը զարգանա: «Պետք է ջանք չխնայել՝ համոզելու Թուրքիային խաղաղություն հաստատել Հայաստանի հետ»,- նշել է Փայլանը եւ արձանագրել, որ վերջին ընտրությունների արդյունքները չեն արդարացրել պոլսահայ համայնքի ակնկալիքները։
«Թուրքիայի հայերն արդեն վախի մեջ են։ Մինչեւ 2015 թվականը մենք խոսում էինք մեր խնդիրների մասին, մինչդեռ դրանից հետո հայերն ավելի լուռ են։ Հույս ունեինք, որ այս ընտրությունների արդյունքում ինչ-որ բան կփոխվի, սակայն այդպես չեղավ։ Դժբախտաբար, հայերն ավելի անձայն են լինելու այս ժամանակահատվածում»,- շեշտել է Փայլանը։