ՀՀ պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ 2023-ի օգոստոսի 1-ից մինչեւ հոկտեմբերի 13-ը Հայաստանում կանցկացվեն պահեստազորայինների վարժական հավաքներ, որոնց կներգրավեն մինչեւ 2352 քաղաքացու: Նրանցից 2115-ը կլինեն շարքային եւ կրտսեր ենթասպայական կազմերի, 110-ը` ավագ ենթասպայական կազմի, 127-ը` սպայական կազմի պահեստազորայիններ՝ համազորային (մոտոհրաձգային, կապի, հետախուզական, ինժեներական), հրթիռահրետանային մասնագիտություններով:
Հայտարարված վարժական հավաքների ընթացքում յուրաքանչյուր քաղաքացի ներգրավվում է ոչ ավելի, քան 25 օրացույցային օր ժամկետով: Վարժական հավաքներն անցկացվելու են 2023-ի օգոստոսի 1-25-ը, օգոստոսի 3-27-ը, օգոստոսի 15-ից սեպտեմբերի 8-ը, օգոստոսի 29-ից սեպտեմբերի 22-ը, սեպտեմբերի 4-28-ը եւ սեպտեմբերի 19-ից հոկտեմբերի 13-ը ներառյալ:
Ըստ ՀՀ ՊՆ-ի՝ որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է պահեստազորի առաջին խմբում հաշվառված շարքային, ենթասպայական եւ սպայական կազմերի պահեստազորայինների ռազմական հմտությունների կատարելագործման, վերապատրաստման եւ պատրաստման անհրաժեշտությամբ: Նշվում է, որ հարկ եղած դեպքում պահեստազորայինները կներգրավվեն մարտական հերթապահության, իսկ վարժական հավաքների ապահովման նպատակով կներգրավվեն ռազմատրանսպորտային պարտականություն ունեցող մարմինների տրանսպորտային միջոցները: