ՀՀ փոխարտգործնախարար Մնացական Սաֆարյանը հայտարարել է, որ 2022-ի սեպտեմբերին Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիայի համատեքստում Հայաստանի Անվտանգության խորհրդում քննարկվել է ՀԱՊԿ-ից դուրս գալու հարցը, սակայն որոշում է ընդունվել չդիմել այդ քայլին եւ շարունակել աշխատանքները: Նա պարզաբանել է, որ կան հարցեր, որոնք հետագայում քննարկվել են ՀԱՊԿ-ի գագաթնաժողովի ընթացքում։ Սաֆարյանը՝ հավելել է, որ Հարավային Կովկասում իրավիճակի առնչությամբ շուտով քննարկումներ կլինեն:
Իբրեւ ՀԱՊԿ-ի անդամ երկիր, ունենալով նաեւ պարտավորություններ, ՀՀ-ն շարունակում է հույս ունենալ, որ իր քայլերը եւ աշխատանքները որոշակի արդյունքների կհանգեցնեն։ Սաֆարյանը հիշեցրել է, որ Հայաստանը բազմաթիվ անգամ հայտարարել է, որ ՀԱՊԿ-ի կողմից պետք է լինի հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակի քաղաքական գնահատական։
Անդրադառնալով Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի՝ ավելի վաղ արած հայտարարությանը, թե Հայաստանը Ռուսաստանից չի ստանում իր պատվիրած սպառազինությունը, որի համար վճարել է, փոխարտգործնախարարը հաստատել է, որ սպառազինությունը Հայաստան չի հասել եւ այդ ուղղությամբ աշխատանքները շարունակվում են։