Ստամբուլի հայկական «Ակոս» պարբերականի գլխավոր խմբագիր Եդվարդ Տանձիկյանը հայտնել է, որ եթե 2015-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ընտրվել էր երեք հայ պատգամավոր՝ մեկը իշխող «Արդարություն եւ զարգացում», մյուսը գլխավոր ընդդիմադիր, քեմալական Հանրապետաժողովրդական եւ երրորդը քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցություններից, 2023-ի Թուրքիայի մեջլիսի ընտրությունների արդյունքներով նոր՝ 28-րդ գումարման խորհրդարանը միայն մեկ հայ պատգամավոր կունենա՝ իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության անդամ, բժիշկ Սեւան Սըվաջըօղլուն։
Տանձիկյանն ընդգծել է, որ այդպիսով Թուրքիայի մեջլիսում հայ պատգամավորի խնդիր է առաջացել։ «Անշուշտ, կարող եք ասել, թե ինչ պետք է փոխվի, եթե ունենանք հինգ պատգամավոր։ Այո, ճիշտ է, բայց եթե երեք, չորս կամ հինգ հայ պատգամավոր լինի, պոլսահայերն իրենց ավելի հանգիստ կզգան։ Իսկ հիմա այդպես չէ»,- «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում նշել է «Ակոս»-ի գլխավոր խմբագիրը։
Անդրադառնալով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հեռանկարներին՝ Տանձիկյանը շեշտել է, որ իբրեւ թուրքահայեր` իրենք, բնականաբար, ցանկանում են, որ այդ հարաբերությունները կարգավորվեն, սահմանը բացվի, եւ Հայաստանի ու Թուրքիայի միջեւ երկխոսություն լինի։ Այդուհանդերձ, այս հարցում Տանձիկյանն այնքան էլ լավատես չէ։ Ըստ Եդվարդ Տանձիկյանի՝ Թուրքիայում վերջին տարիներին ազգայնական մթնոլորտն ավելի է աճում, իսկ նման պայմաններում դժվար է ակնկալել փոփոխություն հայ-թուրքական հարաբերություններում։ Հայկական պարբերական գլխավոր խմբագիրը ափսոսանքով նշել է, որ փետրվարի երկրաշարժի ժամանակ Հայաստանից Թուրքիա մեկնած խումբը երկու երկրների միջեւ հարաբերությունների կարգավորման լավ առիթ էր, որը հայկական կողմը բաց թողեց։
Նախօրեին Թուրքիայի ընտրությունների արդյունքներից իր հիասթափությունն էր հայտնել 27-րդ գումարման պոլսահայ պատգամավոր Կարո Փայլանը: