ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ ՌԴ-ն ինչպես Ղազախստանում 2022-ի հունվարին, պատրաստ էր ճիշտ նույն կերպ օգնելու նաեւ ՀԱՊԿ անդամ Հայաստանին։ Լավրովի պնդմամբ՝ 2022-ի աշնանը Երեւանում կազմակերպության անցկացված գագաթնաժողովին ընդառաջ հայ դաշնակիցների խնդրանքով փաստաթուղթ էր նախապատրաստվել հայկական տարածքում ՀԱՊԿ դիտորդական առաքելության տեղակայման մասին։
«Փաստաթուղթն արտգործնախարարների մակարդակով ամբողջությամբ համաձայնեցված էր։ Հետո վերջին պահին, հենց գագաթնաժողովում, հայ գործընկերները խնդրեցին դրա ընդունումը հետաձգել։ Մինչ օրս այն թղթի վրա է եւ կյանքի չի կոչվում»,- ընդգծել է Լավրովը։ Ըստ ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի` եթե Երեւանը հաստատեր այն, ինչ արդեն համաձայնեցված էր եւ պատրաստ մնար ստորագրման համար, Հայաստանը կշահեր եւ ավելի կայուն իրավիճակ կստանար:
ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը մարտի 20-ին Մոսկվայում ռուս գործընկերոջ հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ նշել էր, որ ՀԱՊԿ առաքելություն ուղարկելու որոշման նախագիծը սեղանին է, նախագծի վրա աշխատանքները շարունակվում են: Ապրիլի 20-ին էլ վարչապետ Փաշինյանը խորհրդարանում հայտարարել էր, որ Հայաստանը պատրաստ է ՀԱՊԿ առաքելության տեղակայմանը, սակայն այդ ուղղությամբ քննարկումները շարունակվում են: Միեւնույն ժամանակ, պաշտոնական Երեւանը Ադրբեջանի 2022-ի սեպտեմբերյան ագրեսիայի վերաբերյալ ՀԱՊԿ-ից քաղաքական գնահատական է ակնկալում։