Ըստ ԵՄ խորհրդում Շվեդիայի նախագահության հաղորդագրության՝ Եվրամիության անդամ երկրների մշտական ներկայացուցիչները մայիսի 17-ին պայմանավորվել են, որ Եվրախորհրդարանի հերթական ընտրությունները կանցկացվեն 2024-ի հունիսի 6-9-ը ԵՄ բոլոր երկրներում։ Յուրաքանչյուր երկրից պատգամավորների թիվը որոշվում է քվոտայի սկզբունքով՝ բնակչության թվին համամասնորեն։ Ամենաշատ պատգամավորական մանդատներ ունի Գերմանիան, իսկ ամենաքիչը՝ Կիպրոսը, Մալթան եւ Լյուքսեմբուրգը։
2024-ին Եվրախորհրդարանի ընտրությունները կլինեն 10-րդը 1979 թվականի առաջին ուղղակի ընտրություններից հետո եւ առաջինը ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալուց հետո: Brexit-ի արդյունքում 2020-ի հունվարին թագավորության պատվիրակության 27 տեղերը բաշխվել են մյուս երկրների միջեւ։ Մնացած 46 տեղերը վերացվել են, ինչից հետո Եվրախորհրդարանի պատգամավորների ընդհանուր թիվը 751-ից կրճատվել է մինչեւ 705-ի: 2023-ի փետրվարին Եվրախորհրդարանում հաշվետվության նախագծում, սակայն, առաջարկվել է կրկին մեծացնել պատգամավորների թիվը, որպեսզի արտացոլվի բնակչության ավելացումը: