ՀՀ Կառավարության մայիսի 18-ի նիստում ընդունվել է որոշում «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման եւ սոցիալական երաշխիքների մասին» օրենքում կատարված փոփոխությունների եւ լրացումների հիման վրա։
Ըստ որոշման՝ ՀՀ նախագահը, վարչապետն ու Ազգային ժողովի նախագահը, ինչպես նաեւ նրանց ընտանիքի անդամները այսուհետեւ բժշկական օգնություն ու սպասարկում կստանան անվճար եւ արտոնյալ պայմաններով։ Որոշման համաձայն` արտոնությունից օգտվելու իրավունք ունեն միայն հիշյալ պաշտոնյաների ամուսիններն ու ծնողները։ Ընտանիքի այլ անդամների վրա անվճար բուժօգնության կարգավորումը չի տարածվում։
Անհրաժեշտ բժշկական օգնության ու սպասարկման գումարը փոխանցվելու է ՀՀ առողջապահության նախարարության բյուջետային հատկացումներից։ Որոշումն ուժի մեջ է մտնելու պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։