Հայ ազգային կոնգրես կուսակցության փոխնախագահ Լեւոն Զուրաբյանը հայտնել է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ինչ-որ պահից որդեգրեց այն գիծը, որ Ղարաբաղը ճանաչում է Ադրբեջանի մաս, ինչը մեծապես հակասում է նրա նախընտրական ծրագրին եւ ոչ միայն։ ՀԱԿ փոխնախագահ Զուրաբյանը հիշեցրել է, որ 2021-ի հունիսյան ընտրությունների նախօրեին Փաշինյանը ՔՊ-ի հետ միասին հավաստել է, որ ՀՀ-ն աջակցելու է ԼՂՀ-ի ինքնորոշման իրավունքի կիրարկմանը, եւ Հայաստանն իր քաղաքականության հիմքում դնում է «անջատում հանուն փրկության» սկզբունքը։ «Այն, ինչ հիմա անում է Փաշինյանը արցախյան հիմնախնդրի կարգավորման առումով, դրա համար ժողովրդից մանդատ չի ստացել։ Բայց նա անում է` փորձելով հղումները կատարել Ալմա Աթայի հռչակագրին միայն մեկ պատճառով, որպեսզի քողարկի այն, որ ինքը Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմում ճանաչող ՀՀ առաջին ղեկավարն է»,– «Սպուտնիկ Արմենիա»-ի հետ զրույցում նշել է Զուրաբյանը։
Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը չի տարածվում նախկին ԼՂԻՄ-ի վրա
Ալմա Աթայի հռչակագիրը, Զուրաբյանի հավաստմամբ, ոչ մի առնչություն չունի նման ճանաչման հետ։ Այն ընդհանուր փաստաթուղթ էր, որը Հայաստանը ստորագրել ու վավերացրել է 10 վերապահումով։ Դրանցից մի քանիսը վերաբերում են նրան, որ ասվածը չի տարածվում Լեռնային Ղարաբաղի վրա, քանի որ նախկին ԽՍՀՄ ինքնավարությունները, որոնք հանրաքվեով հաստատել են իրենց անկախությունը, ինքնին կարող են միանալ նշված հռչակագրին։ Այսինքն` Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը չի տարածվում նախկին ԼՂԻՄ-ի վրա։
Փորձելով ձեռք քաշել ԼՂ-ից՝ Փաշինյանը չի ապահովելու ՀՀ ինքնիշխանության երաշխիքները
«Բացի դրանից՝ 1992-ին ՀՀ Գերագույն խորհուրդը որոշում է ընդունել, որի համաձայն` Հայաստանի ցանկացած իշխանություն չի կարող ստորագրել որեւէ փաստաթուղթ, որով Արցախը ճանաչվում է Ադրբեջանի մաս։ Հետեւաբար, եթե Փաշինյանն այժմ ֆորմալ կերպով փոխում է այդ կուրսը, ապա ի հայտ են գալիս երկու վերոնշյալ կարեւորագույն իրավական խոչընդոտները։ Զուտ մեր ճակատագրին վերաբերող հարցում ակնհայտ է` Փաշինյանը հանգել է համոզման, կամ նրան բերել են այդ համոզման, որ ձեռք քաշելով Ղարաբաղից՝ նա գոնե ապահովելու է ՀՀ տարածքի անվտանգությունն ու ինքնիշխանության երաշխիքները, մինչդեռ դա սխալ հաշվարկ է»,– նշել է Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահը։
Երաշխիքները կարող են ձեռք բերվել միայն ուժային հաշվեկշռով
Լեւոն Զուրաբյանի դիտարկմամբ` երաշխիքներն իրականում կարող են ձեռք բերվել միայն ուժային հաշվեկշռով, հետեւաբար հարց է ծագում, թե որն է այն ռազմական մեքենան, որը կարող է չեզոքացնել ադրբեջանաթուրքական սպառնալիքը, եթե այդ տանդեմը որոշի ունենալ նորանոր տարածքային նվաճումներ։ «Այժմ ադրբեջանաթուրքական մեքենայի դեմ զսպող դեր է կատարում միայն Ռուսաստանը, որին անշուշտ պետք է գումարել Հայաստանի ռազմական ներուժը, որի դերը, սակայն, բավականին համեստ է։ Եթե ռուսական ներկայությունն ապագայում չլինի, Արեւմուտքը պատրաստ չէ իր ռազմական մեքենան անմիջական միջամտությամբ օգտագործելու ադրբեջանաթուրքական ալյանսի դեմ»,– հավաստիացրեց ՀԱԿ փոխնախագահը։
Բաքուն հավասարակշռված մոտեցում է ցուցաբերում եւ ստանում իր համար նպաստավոր լուծումներ
Անդրադառնալով հարցին, թե ինչու է Հայաստանն այդքան ձգտում արեւմտյան հարթակներին` նախընտրելով հիմնախնդրի կարգավորման արեւմտյան ձեւաչափը, Զուրաբյանն ընդգծել է, որ Ադրբեջանը շատ ավելի բարդ դիվանագիտական խաղ է խաղում` փորձելով հավասարակշռված մոտեցում ցուցաբերել Արեւմուտքին եւ Ռուսաստանին ու ստանալ իր համար նպաստավոր լուծումներ։ Մինչդեռ Հայաստանը մերժում է ռուսական նախաձեռնությունից որոշակի դիվիդենտներ շահելու աշխատանքը եւ իր ամբողջ դիվանագիտական էներգիան ուղղել է դեպի Արեւմուտք։
Գործող իշխանությունը պետք է վերականգնի հավասարակշռությունը եւ զերծ մնա միակողմանի դիրքորոշումից
«Սա մեր երկրին որեւէ օգուտ չի բերում` հաշվի առնելով մեր բարդ աշխարհագրական իրավիճակն ու աշխարհում եւ մեր տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումները։ Չի կարելի նման պարզամիտ ու միակողմանի քաղաքականություն վարել։ Անհրաժեշտ էր ի սկզբանե աշխատել Ռուսաստանի եւ Արեւմուտքի հետ, որովհետեւ երկու կողմից էլ ունենք կախվածություն թե՛ անվտանգության, թե՛ տնտեսության առումով։ Ճամբարներից մեկն ընտրելն ուղղակի ինքնասպանության պես մի բան է»,– շեշտել է Լեւոն Զուրաբյանը։ Նրա համոզմամբ` ամեն ինչ առայժմ տեղի է ունենում հայտարարությունների եւ մտադրությունների համատեքստում, դեռ որեւէ փաստաթուղթ ստորագրված չէ, վերջնական լուծում այս պահին չկա, հետեւաբար Փաշինյանի հասցեին հնչող քննադատությունները նպատակ ունեն գործող իշխանությանը ստիպելու, որ վերականգնի հավասարակշռությունը եւ զերծ մնա միակողմանի դիրքորոշումից։
ԼՂ-ի վերջնական կարգավիճակի հարցն առկախելու ՌԴ առաջարկից հրաժարվելը հանցավոր վարքագծի դրսեւորում է
Լեւոն Զուրաբյանն ափսոսանքով է նշել դիվանագիտական անդառնալի այն կորուստը, երբ Հայաստանը չօգտվեց ՌԴ-ի նախաձեռնությունից. Ռուսաստանը Հարավային Կովկասում իր երկարաժամկետ ներկայությունն ապահովելու համար առաջարկել էր առկախել Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի հարցը եւ դա ներառել պայմանագրի մեջ։ Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահի գնահատմամբ` նման ընթացքից հրաժարվելը Հայաստանի կողմից ուղղակի հանցավոր վարքագծի դրսեւորում է։