ԱՄՆ պետքարտուղարության խոսնակի առաջին տեղակալ Վեդանտ Պատելն անդրադարձել է Մոսկվայում երկու երկրների արտգործնախարարների եւ ղեկավարների մակարդակով անցկացվելիք հայ-ադրբեջանական բանակցություններին: Փոխխոսնակը հայտարարել է, որ ԱՄՆ-ը ողջունում է հաղորդումներն այն մասին, որ Հայաստանը եւ Ադրբեջանը շարունակելու են քննարկումները՝ ուղղված երկու երկրների միջեւ տեւական եւ արժանապատիվ խաղաղության հաստատմանը:
Պատելը ողջունելի է համարել հայ-ադրբեջանական բանակցությունները՝ անկախ նրանից, թե որ հարթակում են դրանք տեղի ունենում: «Կարծում ենք՝ կողմերի միջեւ ուղիղ բանակցությունները խիստ կարեւոր են, եւ ուրախ ենք, որ դրանք տեղի են ունենում: Անկախ նրանից՝ որտեղ են դրանք տեղի ունենում՝ Արլինգտոնում, Բրյուսելում թե Մոսկվայում, մեր աջակցությունն այդ ջանքերին շարունակական է»,- ընդգծել է Պատելը: Ինչ վերաբերում է այդ բանակցություններից սպասվող արդյունքներին, դիվանագետը հրաժարվել է ենթադրություններ անել: ԱՄՆ պետքարտուղարության փոխխոսնակը վերստին շեշտել է, որ Միացյալ Նահանգները Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության հաստատումը միագամայն իրականանալի է համարում: