Աշոտ Փաշինյանի ենթադրյալ առեւանգումը դեռ բացատրություն չունի: Որովհետեւ հասկանալի չէ, թե ինչքանով է այն առեւանգում: Բայց հարց է ծագում՝ ի՞նչ գործ ունեն զոհերի հարազատները մի մարդու տան մոտ, որը քաղաքականությամբ չի զբաղվում եւ 44-օրյա պատերազմի ժամանակ որոշումներ չի կայացրել: Երկրորդ՝ ինչո՞ւ պետք է Աշոտը նստի զոհերից մեկի հարազատի մեքենան, Աշոտն ի՞նչ պետք է ասի, որը զոհերի հարազատներից թաքցնում են իշխանությունները:
Բայց կա հարցի մեկ այլ կողմ: Մենք գործ ունենք պատերազմի զոհի հարազատի հետ, որի որդու մահվան հանգամանքները պարզ չեն, իշխանությունն իր հերթին ասում է, որ լիքը դավաճաններ են գործել Հայաստանում եւ Արցախում, պարտության մեջ մեղադրել է ընդհուպ 5-րդ շարասյանը: Այսինքն՝ ամեն ասելիք այս մարդկանց համար ծնել է լիքը հարցեր, որոնց պատասխանները նրանք ոչ մի տեղից չեն ստանում: Նրանք վերածվել են ցանկացած միջոցով պատասխան փնտրողի, կապ չունի, թե այդ պատասխանն ումից են ուզում՝ Աշոտից, Մարիամից, Փաշինյանի մանկահասակ երեխայից:
Այս մարդիկ անպատասխան հարցերի ձեռքը դարձել են իռացիոնալ: Որովհետեւ ոչ մի նոր օր չի գալիս նրանց համար առանց իրենց տանջող հարցերի պատասխաններն իմանալու: Աշոտի համար այդ օրը գալիս է, Մարիամի համար գալիս է, իշխանության բոլոր ներկայացուցիչների համար գալիս է, որոշում կայացնողների կամ չկայացնողների համար այդ օրը գալիս է, իսկ իրենց համար չի գալիս: Այսինքն՝ այս մարդիկ ուզում են առաջ հրել կանգ առած օրը: Իսկ առաջ հրելու ոչ մի տարբերակ չկա, ահա ինչու «աթանդա» են կանգնել Աշոտ Փաշինյանի տան մոտ, որի իրավունքը չունեին:
Իռացիոնալությունն այս ամբողջում այն է, որ զոհերի հարազատների հետ ոչ մի աշխատանք չի տարվում, նրանք ծայրահեղ անորոշության մեջ են եւ միայն մի մարմին գիտեն, որը նրանց կարող է հանել այդ անորոշությունից՝ իշխանությունն է կամ նրան особо приближенный մարդիկ: Զոհերի հարազատների համար Աշոտ Փաշինյանը իշխանությանն особо приближенный, մոտ գտնվող մարդն է:
Ի՞նչ է օրենքը այս մարդկանց համար, որոնք իրենց որդիների հետ կապված պլաններ են ունեցել, ի՞նչ է պետությունը, ի՞նչ է իրավական հասարակարգը: Առավել եւս ի՞նչ է խաղաղությունը նրանց համար:
Այս հարցերի պատասխանները նրանց այլեւս հետաքրքիր չեն՝ մեզ միայն ասեք, թե ինչու զոհվեցին մեր որդիները:
Պե՞տք է նրանք օրենքի առաջ կանգնեն իրենց արածի համար: Անկասկած պետք է: Որովհետեւ սա պետություն է, եւ այստեղ ապրում են այլ մարդիկ: Բայց պե՞տք է, որ օրենքն անխնա լինի մարդկանց հանդեպ, որոնց վիշտը պետությանը ծառայեցնելու լեզուն չի գտել: Եթե գտած լիներ, պատերազմից երեքուկես տարի հետո նրանք վարչապետի որդու հետեւից չէին ընկնի:
Ժամանակի ընթացքում հասկանում ես, որ Աստված քեզ ստեղծել է այնպիսին, որ ինքը լինի: Ճիշտ այդպես նա ստեղծել է փողոցային շանը: Երբ դու կերակրում ես նրան, Աստված կա, երբ չես կերակրում, չկա, հասկանում ես, որ մարմինն արդեն իսկ հնարավորություն է, երկրորդ այդպիսի հնարավորություն չի լինելու: